1 - ԾԱՂԿԱԶԱՐԴ.
ՀԻՍՈՒՍԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄՈՒՏՔԸ ԵՐՈՒՍԱՂԵՄ
Ծաղկազարդը, խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:
Հիսուս եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատելու և կույրերին տեսողություն պարգևելու, ինչպես մարգարեացել էր Եսային: Շատ կույրեր, դիմելով Հիսուսին, բժշկվեցին:
Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. <<Օվսաննա Բարձյալին, օրհնեալ լինի նա, ով գալիս է Տիրոջ անունով. օրհնեալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում>> (Մատթ.21:9): Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումների Հիսուսի առջև հանդերձները նետելը խորհրդանշել է մեղքերի ծածկույթից ազատվելը, որպեսզի Տերը մաքրեր այդ մեղքերը: Ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն: Ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին, Ով մեռյալ Ղազարոսին հարություն տվեց, խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը: Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո մատուցվում է Ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնվում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանվում ժողովրդին:Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, որոնք անպտուղ էին և պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը դարձյալ խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոսին ճանաչում ենք որպես Թագավոր` հաղթական պսակը գլխին, անեծքը վերացնող և կենդանություն պարգևող:
Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր` նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ` Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին` ասելով. <<Օրհնություն Դավթի որդուն>> (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում մանուկների օհնության կարգ է կատարվում:
source : www.araratian-tem.
Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին` Սրբ Զատկին, նախորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ, որի յուրաքանչյուր օրը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած առանձին դեպքեր, հիշատակվում են Քրիստոսի վերջին յոթ օրերի ուսուցումները, չարչարանքները, խաչելությունը, մահը և հարությունը:
ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԾԻՍԱԿԱՐԳ
Ապրիլի 2 ` Ավագ երկուշաբթի: Արարչագործության հիշատակի, նաև Անիծված թզենու և տաճարը մաքրելու օրն է:
Ապրիլի 3` Ավագ երեքշաբթի: Տասը կույսերի հիշատակության, ինչպես նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օրն է: Նույն օրը Երուսաղեմի տաճարում լսվել է երկնային ձայնը, Տաճարի կործանման կանխատեսումը, Տաճարից Քրիստոսի վերջնականապես հեռանալը: Եկեղեցին Ավագ երեքշաբթի հիշատակում է տասը կույսերի առակը եւ Վերջին Դատաստանի բացատրությունը, ինչպես նաեւ Ջրհեղեղը եւ մարդկության կրկին սկզբնավորումը:
Ապրիլի 4` Ավագ չորեքշաբթի: Մեր Տիրոջ մատնության հիշատակի օրն է: Հիշատակվում է Քրիստոսի օծումը եւ Հուդայի մատնությունը: Այդ օրը Բեթանիայում, Սիմոն Բորոտի տանը մի կին թանկարժեք յուղով օծել է Հիսուսին, ինչը խորհրդանշում է Տիրոջ մոտալուտ մահը: Օծմանը հաջորդում է Հիսուսին մատնելու Հուդայի որոշումը:
Ապրիլի 5` Ավագ հինգշաբթի: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օրն է: Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, միջօրեին մատուցվում է Սբ. Պատարագ: Ոտնլվայի արարողությունը կատարվում է օրվա երկրորդ կեսին մինչև երեկոյան ժամերգություն և խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոս Իր աշակերտների հանդեպ: Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հսկման (Խավարում) կարգը: Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում: Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, մեկ-մեկ հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնինը: Այն խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր մենակ: Առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողների արձակման կարգ: Հանդիսավոր Սբ. Պատարագ ժ. 11.00-ին: Ոտնլվայի կարգը կսկսվի ժ. 16.30-ին: Ընթացքում կօրհնվի յուղը: Հսկում, կամ Խավարում` սկիզբը` ժ.19.00-ին:
Ապրիլի 6` Ավագ ուրբաթ: Հիսուս Քրիստոսի ձերբակալության, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է: Առավոտյան կատարվում է ժամերգություն, ընթերցում են Ավետարաններ, որոնք բովանդակում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը` մատնությունը, ձերբակալությունը, Պետրոսի ուրացումները, Պիղատոսի մոտ տանելը, մահվան վճիռը, չարչարանքներն ու անարգանքը, Գողգոթայի վրա խաչվելը, արեգակի խավարումը, մահը, թաղումը: Ավագ ուրբաթ պատարագ չի մատուցվում, որովհետեւ Քրիստոս պատարագվեց խաչի վրա: Երեկոյան արարողությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղումը: Խաչելության կարգ` սկիզբը ժ. 11.00-ին: Թաղման կարգ և հանդիսավոր թափոր. սկիզբը` ժ. 17.00-ին:
Ապրիլի 7` Ավագ շաբաթ: Դժոխքի ավերում, Ճրագալույցի Սբ. Պատարագ: Քրիստոսը մահից հետո իջավ դժոխք, ավերեց այն` փրկություն շնորհեց արդարների հոգիներին: Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ: Հընթացս Ճրագալույցի Սբ. Պատարագի, երբ տրվում է Հիսուսի Հարության ավետիսը, վերջանում է նաեւ Մեծ Պահքը: Սբ. Պատարագից հետո կատարվում է Սբ. Հաղորդության նախատոնակ: Ճրագալույցի Սբ. Պատարագի սկիզբը ժ. 18.00-ին:
Ապրիլի 8` Կիրակի: Սուրբ Զատիկ: Հարություն Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի: Տոնական Սբ. Պատարագ: Սկիզբը ժ. 11.00-ին:
Ապրիլի 9` Երկուշաբթի: Ննջեցյալների հիշատակության օր` Մեռելոց: Սբ. Պատարագ և ընդհանուր հոգեհանգիստ: Սկիզբը ժ. 10.30-ին:
source:http://www.araratian-tem.am
Make a free website with emyspot.com - Report abuse