Hovhannes Hovhannisyan

 

Կենսագրություն - Հովհաննես Հովհաննիսյան

1864-1929

Հովհաննիսյան Հովհաննես Մկրտչի (14.4.1864, Վաղարշապատ (այժմ՝ Էջմիածին) – 29.9.1929, Երևան) ― հայ բանաստեղծ։

Նախնական կրթությունն ստացել է ծխական դպրոցում, ապա՝ Երևանի պրոգիմնազիայում։ 1877-ին ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի III դասարանը, 1884-ին՝ համալսարանի պատմա-լեզվագրական ֆակուլտետը, որն ավարտել է 1888-ին։ 1889-ին ճանապարհորդել է Եվրոպոյում (Կ.Պոլիս, Փարիզ, Վիեննա, Լոնդոն)։ Երկար տարիներ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդել է ռուս գրականություն և լեզու, ընդհանուր գրականություն, հունարեն։ 1912-ին կարճ ժամանակով աշխատել է Բաքվում։ Բաքվի կոմունայի օրերին (1918) եղել է նրա լուսաբաժնի վարիչը։

1883-ին «Աղբյուր»-ում լույս է տեսել Հովհաննիսյանի առաջին բանաստեղծությունը։ 1887-ին հրատարակվեց «Բանաստեղծություններ» ժողովածուն, որը ճանաչում բերեց հեղինակին։ 1908 և 1912-ին լույս տեսած ժողովածուներն ամրապնդեցին նրա տեղը հայ պոեզիայի պատմության մեջ։ Հովհաննիսյանը ստեղծեց արևելահայ բանաստեղծական նոր դպրոց, որի ներկայացուցիչները դարձան Հ. Թումանյանը, Ա. Իսականյանը։

Հովհաննիսյանի պոեզիան հագեցած է բնության սիրով, ռոմանտիկական մեղմությամբ ու քնարականությամբ :Սիրային բանաստեղծություններըաչքի են ընկնում մարդու և բնության կապի ներդաշնակությամբ։ Նրա պոեզիզն դեմոկրատական է, ժողովրդային։ Նա ընդգծել է իր սերը ճնշվածների ու հարստահարվածների նկատմամբ, պատկերել ժողովրդի ցավերն ու մտահոգությունները:





Մի՛ սիրիր

Ինձ մի՛ սիրիր, անբախտ օրիս
Այդ սերն ինձ չէ խնդություն.
Դաժան վշտից խեղդված հոգիս
էլ չի առնի հարություն։

Ծածուկ կիրքը ինձ պիտ տանջե,
Ես չըկամիմ քեզ սիրել,
Բայց իմ սիրտը միշտ պիտ խնդրե
Քնքուշ սրտիդ մոտ լինել...

Եվ պատրաստ եմ քեզ հավիտյան
Լինել անկեղծ կարեկից.
Եվ թող բեռը քո տխրության
Չըհեռանա իմ սրտից։

Ինձ մի՛ սիրիր... թող ախտավոր,
Մաշող սիրո փոխարեն
Մտերմություն մեզ բախտավոր
Կապե կապով բոցեղեն։


ԱՎԵՐԱԿ

Որպես վաղեմի մի ավանդություն
Կամ շքեղ երազ անմեղ մանկության,
Կենդանանում է այսօր իմ մտքում
Խրոխտ ավերակն նախնյաց մեծության.
Այստեղ բեկորներ վսեմ արվեստի,
Այնտեղ հիշատակն արքունի փառաց,
Եվ վկայարան սրբազան ուխտի,
Եվ տխուր հետքը մեծաշուք կենաց...

Օ՜հ, այսպես ողջ մեր կյանքն է վաղանցիկ,
Ողջը լոկ ծաղր է անսիրտ բնության,
Եվ սեր, և հրճվանք համայն գեղեցիկ
Զոհ է ավերի և մոռացության,
Ինչպես պատրանքը հեշտասիրության,
Ինչպես գրգիռը պատանու արյան,
Խաբուսիկ ժպիտն աշնան արևու, —
Բոլո՛րը վաղն է անհետանալու։


Դու


Քեզ մոտեցա սեր հուսալով,
Պայծառ դիմքիդ նայեցի,
Ես — խավարած վշտի ամպով,
Դու — արշալույս նազելի:

Ես ասացի. «Ինձ քույր եղիր,
Եղի՛ր ընկեր ցավակից,
Սերըս, երգըս դու ընդունի՛ր
Նվեր տանջված մի սրտից»։

Բայց դու, զավակ փարթամության,
Չհասկացար երգս աղքատ.
Դու — նույն անհոգ թռչնակ գարնան,
Ես նույն երգիչն հուսահատ...



Ամենայն անգամ

Ամենայն անգամ, երբ տեսնում եմ քեզ,
Խելոք աչերիդ նայում զմայլած,
Եվ հանկարծ անփորձ մի մանուկի պես
Ես կարմրում եմ հուզված, շփոթված․․․
Ամենայն անգամ, որքան էլ տրտում
Ինձ տված լինիմ մաշող մտքերի,
Քո ներկայությունն աղբյուր է լինում
Ինձ համար ուրախ, զըվարթ ժամերի։

Այս ի՞նչ է արդյոք, ո՛վ կույս նազելի,
Մի՞թե սեր արդեն, ո՛հ, եթե այդպես,
Թող, ուրեմն, հոգյա՛կ, նվերն երկնքի,
Այս աստվածեղեն կայծն հասնի և քեզ․
Կուզեի և քո արյունը վառված
Սիրո փոթորիկ հաներ քո սրտում,
Կուզեի տեսնել քո հոգին խռոված,
Արցունքի շիթեր և քո աչքերում․․․

Դու երևացար

Դու երևացար ինչպես վառ գարնան
Լուսաշող այգի, նշույլ ոսկեթույր․
Դու երևացար―ժպիտդ աննման
Քաղցր էր զերթ սիրո առաջին համբույր։

Ծաղկոցում բացվող քեզ վարդ կարծեցի,
Դըրախտի վայելք տեսա քո աչքում․․․
Ա՛խ, այդ աչերիդ ես զոհ բերեցի
Եվ անհոգ վիճակ, և սրտիս խնդում։

Եվ եթե դու էլ խաբում ես, ո՛վ կույս,
Սեր չէ խոստանում հայացքըդ չքնաղ,
Թե այս անգամ էլ ունայն է իմ հույս,―
Դարձյալ պի՛տ օրհնեմ հասակըդ մատաղ։

Պիտ օրհնեմ ես այն, թեպետ կարճատև,
Բայց վեհ, հոգեզմայլ հրճվանքի համար,
Որ հոգուս բերիր դու, ինչպես արև,
Ինչպես խնկաբույր մայիս կենարար։
Add a comment

You're using an AdBlock like software. Disable it to allow submit.

Make a free website with emyspot.com - Report abuse