Hovhannes Shiraz

Կենսագրություն - Հովհաննես Շիրազ

1915-1984

Հովհաննես Շիրազը ծնվել է Գյումրիում (նախկինում՝ Կումայրի)։

Ամբողջ կյանքում նրա համար անմոռաց մնացին գյումրեցի Թադևոսի (հոր) և կարսեցի Աստղիկի (մոր) հետ կապված տպավորությունները: Թադևոսն Ախուրյանի ափին մի հին ու խարխուլ տնակ ուներ, ուր անց էր կացնում աշխատավոր գյուղացու իր կյանքը, գոհություն հայտնելով աստծուն և՛ տվածի, և չտվածի համար:Բայց ահա սպանվում է հայրը, իր իսկ խրճիթի շեմին, թուրքական արշավանքի ժամանակ: Սկսվում է մանուկ Օնիկի տխուր մանկությունը, որն անցնում է գյուղից-գյուղ, բանջարանոցից-բանջարանոց, մինչև որ ծվարում է Ալեքսանդրապոլի որբանոցում:

1930 թ. պատանի Շիրազի բանաստեղծությունները տպագրվում են տեքստիլ գործարանի թերթում: Այդ գործարանում նա աշխատում էր որպես ջուլհակ: Բայց Շիրազի երազանքը «Բանվորի» էջերն էին: Հեռու չէր նաև այդ օրը: Իսկ հետո, ժամանակի գրական երիտասարդության հովանավոր Վահրամ Ալազանի շնորհիվ երիտասարդ բանաստեղծի անունը շրջում է Երևանում:

Հովհ. Շիրազը սովորել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետում, այնուհետև` Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում:

Սկզբում գրողն իր բանաստեղծությունները ստորագրում էր Հովհաննես Շիրակ: Սակայն Ատրպետը առաջարկում է Շիրակը փոխարինել Շիրազով, որովհետև ինչպես ինքն է նկատում, պատանու բանաստեղծություններն Իրանի վարդաշատ քաղաք Շիրազի վարդերի բուրմունքն ունեն:

1935 թ. լույս է տեսնում Շիրազի առաջին գիրքը` «Գարնանամուտ» վերնագրով, որով էլ տարածվում է բանաստեղծի համբավը: Անհամար ընթերցողներ դառնում են Շիրազի պոեզիայի սիրահարները: Ձեռքից ձեռք են անցնում նրա բանաստեղծությունների հրապարակումներն ամսագրերում, լրագրերում: Շիրազի գրքերը մասունք են դառնում շատերի համար:

Հովհաննես Շիրազի ստեղծագործությունները Հայաստանում լույս են տեսել ավելի քան կես միլիոն տպաքանակով: Շիրազյան հորդաբուխ ու հայաշեն խոսքը երկար տարիներ հայրենասիրության ու ազգապահպանման պատգամն է վառում աշխարհասփյուռ հայության սրտում: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի 58 լեզուներով: Ամենից շատ թարգմանվել է բանաստեղծի քնարի անգին գոհարը` «Բիբլիական» պոեմը:

Մահացել է Երևանում 1984 թ-ի մարտին, թաղվել է Կոմիտասի անվան պանթեոնում։

Մահվանից 20 տարի անց, համաձայն Շիրազի կտակի (նշված Շիրազի բանաստեղծություններից մեկում), մի քանի հայրենասեր հայերի շնորհիվ նրա սիրտը թաղվել է Արարատ լեռան բարձունքներում՝ սառույցի մեջ[1]։




ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ

Մի հայրենադարձ պատանու

Մեսրոպ Մաշտոցն ասաց՝ որդիս,
Էլ ինչո՞վ ես հույսը բերդիս.
Էլ հայրենիք ինչո՞ւ եկար,
Թե պիտ խոսես օտար լեզվով,
Խմես հայոց գինին նեկտար՝
Կենաց կանչես օտար լեզվով,
Քաղես հայոց վարդերն ու հեզ՝
Աղջիկ կանչես օտար լեզվով։
Իրավ, քանի լեզու գիտես,
Այնքան մարդ ես, իրավն ասին,
Բայց որ քո հայ լեզուն չունես,
Էլ ի՞նչ հույս ես քո Մասիսին,
Որ թողել ես քո մայրենին՝
Հարամ է քեզ հայոց գինին,
Հարամ է քեզ աղջիկն հայոց,
Հայոց սիրտը՝ Մասիսն հայոց։
Մայր հայրենին էլ ի՞նչ սրտով
Քո ոտքերն էլ գրկե վարդով...
...Ա՜խ, չէ, Մասիսը հալալ է քեզ,
Հայոց վշտում դու մեղք չունես,
Հալալ է քեզ հողն հայրենի,
Թող քեզ ջուրն էլ դառնա գինի։
Քանզի հայոց վայ սփյուռքում
Պանդխտությունն է դեռ պոկում
Հայ բերանից հայոց լեզուն,
Օտարն հայոց մահն է ուզում,
Բայց նա հայ է, ով հովազի
Արնախում երախումն էլ
Իր մայրենի լեզվով խոսի,
Մոր կաթի հետ ծծած լեզվով,
Որ հայ գետը ծով ծնի, ծով,
Ժխորում էլ Բաբելոնի —
Խոսի լեզվով իր մայրենի,
Հայոց լեզվով, որ միշտ ջահել,
Մեզ բյուր դարեր հայ է պահել։

 


ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ

Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենիք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

 


Սիրո հիասթափություն



Պատանի սիրտս բաժակ էր բյուրեղ,
Որ լցվեց մի օր գինով աչքերիդ,
Ու ես այն գինով հարբած խելահեղ
Քո ոտքերն ընկա ու դարձա գերիդ:
Բայց դու փշրեցիր իմ սիրտը մատաղ,
Ա՜խ դու փշրեցիր գավաթն իմ սրտի,
Թափվեց իմ գինին... արյունաշաղախ,
Ու ցնդեց պատրանքն իմ կույր կարոտի, -
Բացվեցին սրտիս աչքերը բոլոր,
Անցավ խելահեղ գինովությունս,
Կուչ եկավ խաբված իմ սիրտը մոլոր,
Ամաչեց, որ քեզ նմանն էր բույնս:
Դու ցոփ գինետան մի բաժակ էիր,
Սիրույս գինին էր աչքերս կապում,
Ա'խ, ինչ լավ եղավ , որ փշրվեցիր,
Քանզի քեզ այժմ քեզնով եմ չափում,
Քեզնով, ինչպես լուսինը՝ լուսնով,
Որ լուսացել էր սիրույս արևով,
Քեզնով եմ չափում, ոչ թե ցնորքով սիրահառաչ,
Որ իմ կույր սիրով աչքերս էր կապում,
Ինձ ծունկի բերում, ինչպես սիրատանջ,
Խաբված աստծուն՝ սատանի առաջ...
Ա՜խ արևն էլ է երբեմն խաբվում՝
Մեռած լուսնյակին իր լույսով չափում:

 


 

***


Օ՜, թե իրավ են փոխում սրտերը,
Թող իմն էլ փոխեն՝ անսեր մի սրտով,
Որ այս սրտիս հետ կորչի իմ սերը,
Գեթ մոռանամ քեզ , ապրեմ անվրդով:
Կամ ծիածանվի քնարս անպես,
Որ տակից անցնես ու առնաս տղա,
Որ անհետ չքվի սերս աղեկեզ,
Քեզ հիշելիս էլ՝ սիրտս չդողա...

 

Քեզ որ առնեմ



Քեզ որ առնեմ`էլ չեմ թողնի,

Ես քո ցավը կտանեմ,

Թեկուզ սերդ դժոխք լինի,

Ես քեզ դրախտ կտանեմ:

~*~

Թե աղբյուր ես դու կենդանի,

Ես քեզ ծարավ երաշտն եմ,

Քեզ որ առնեմ`էլ չեմ թողնի,

Աստըծու տեղ կպաշտեմ:

~*~

Բայց թե պաշտեմ Աստըծու պես,

Դու սատանա կդառնաս,

Ինձ կտանես դժոխքն ահեղ,

Դու դրախտում կմնաս . . .

 

 


 

ՄԱՅՐՍ


Մեր հույսի դուռն է մայրս,
Մեր տան մատուռն է մայրս,
Մեր օրորոցն է մայրս,
Մեր տան ամրոցն է մայրս
Մեր հերն ու մերն է մայրս,
Մեր ճորտն ու տերն է մայրս,
Մեր տան անտունն է մայրս,
Մեր արծվաբույնն է մայրս,
Մեր տան ծառան է մայրս,
Մեր տան արքան է մայրս,
Մեր տան անճարն է մայրս,
Մեր դեղ ու ճարն է մայրս,
Մեր տան աղբյուրն է մայրս,
Մեր ծարավ քույրն է մայրս,
Մեր տան անքունն է մայրս,
Մեր անուշ քունն է մայրս,
Մեր տան ճրագն է մայրս,
Մեր արեգակն է մայրս։
Մայրս, մեր հացն է մայրս,
Մեր տան աստվածն է մայրս...

 


 

Ես կուզենայի, որ կյանքդ ջահել


Ես կուզենայի, որ կյանքդ ջահել
Ծաղկի պես բացվեր իմ ծաղիկ գրկում,―
Ծաղկից էլ քնքուշ իմ սիրուն վայել՝
Կուզեի ծաղիկ մնաս ողջ կյանքում,
Ո՞ւմ են ծաղկունքը մի օր չար նայել,
Ժպտում են անգամ պոկողի ձեռքում :

 


Կինը աստծո հարսն է


Կինը աստծո հարսն է, ասին,
Աստծո գինու թասն է, ասին,
Ա՜խ, չէ, աստծո հարճն է կինը,
Աստծո գինու փարչն է կինը:

Աստծո գինին անմահական`
Հարբեցնում`աստծուն անգամ,
Սուրբ գրկի մեջ աստվածային,
Ծախվում է միշտ սատանային...

Այնինչ, որպես իր մորն արթուն`
Աստված էլ է մորը պաշտում:
Լռիր, անմիտ սիրտ իմ անհաշտ,
Մեղք է մայրս աստվածապաշտ:

Ինչո՞ւ ընկնես մորս աչքից,
Ո՞նց ձեռ քաշենք այն հրաշքից,
Որ մեծ մայրն է մորս կյանքի,
Հրաշք մայրն է տիեզերքի:

 


 

Սիրուց քաղցր սերն է միայն


Ախ, էլ ինչո՞վ, ինչու՞ ապրեմ,
Երբ չպիտի սիրով հարբեմ,
Երբ համբույրիս հետքը չկա
Շուրթին սիրած իմ աղջկա:

Սիրուց քաղցր էլ ի՞նչ կա որ,
Սիրուց քաղցր սերն է միայն,-
Հասիր, ծաղկենք, իմ հեռավոր,
Վարենք հանգած օջախն իմ տան:

Թե քո սերը թևեր տա ինձ,
Քեզ արծվի կաթ կբերեմ,
Ետ կխլես դու ինձ մահից,
Թե մի գիշեր քեզ համբուրեմ:

Դու, որ ինձ չսիրես սրտանց,
Էլ ո՞վ սիրե, իմ հայուհի,-
Հասիր, թե իմ սերն է Աստված,
Դու իմ միակ աստվածուհի...

Թե մահից հետո հող պիտի դառնամ


Թե մահից հետո հող պիտի դառնամ
Թո՛ղ դառնամ սիրո ճամփեքին մոտիկ,
Որ սիրո համար նորից աշխարհ գամ՝
Հողից դառնալով պայծառ մի ծաղիկ:
Եվ ինձ կքաղի պատանի մի նոր,-
Կդնի կրցքի՜ն սիրած աղջկա
Եվ համբույրի մեջ նրանց բաղտավոր
Կզգամ որ սիրո համար մահ չկա՜...

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆԵՑՈՒՆ (ՀԱՏՎԱԾ)


Ամեն ազգի խաղաղություն , սուրբ ըղձանքով միշտ հղի,
Դու ես խորհուրդն իմաստության, դու ես արգանդն սուրբ հողի,
Ո՜վ մեծ Հիսուս, ա՜խ ի՞նչ անեմ, որ երբ որ գաս չխաչվես,
Վարդի փոխես փուշն էլ մեղաց, ոչ թե սևով կակաչվես,
Թե արևն եմ՝ քեզ եմ փնտրում՝ հողագունդն եմ՝ դեռ մթնում,
Թե կույր գառ եմ, մոր ստինք ես՝ մթնում էլ եմ քեզ գտնում...
Թե քո զանգն եմ ազգամռունչ՝ դու ես լեզվակն իմ ոսկի,
Թե տաճար եմ՝ դու ես զանգս, դու ես ղողանջն իմ խոսքի,
Ես պապակ եմ աղբյուրներիդ՝ շատրվանիր մշտաբուխ,
Թե ես հող եմ՝ գարուն ես դու, թե թոնիր ես՝ ես՝ հացթուխ:
Թե մակույկ եմ կյանքի ծովում՝ դու ինձ տանող առագաստ,
Թե անառակ որդի եմ քեզ՝ դու ինձ մայր ես հայրասաստ,
Թե ես խոսքի հանք եմ ոսկի՝ հանքափորս դու ես միշտ,
Թե ես կռվոմ զոհված զինվոր՝ դու ես մայրս մշտավիշտ:
Թե ճամբորդ եմ՝ դու ես ճամբես,՝ թե ջրվոր եմ՝ արտ ես դու,
Թե արծիվ եմ՝ թևերս ես դու, թե սոխակ եմ՝ վարդ ես դու:
Թե թոնիր եմ՝ հացս դու ես, թե կռիվ եմ՝ դու ինձ վերջ...
Թե վիկտոր եմ՝ դու ես միակ իմ նոր գտած աստղը պերճ:
Թե ես նավ եմ տիեզերախույզ՝ դու ես հրթիռն ինձ տանող,
Թե խոպան եմ՝ դու ես խոփս՝ կյանքն ամենուր սերմանող:
Դագաղագործ չդառաս դու, թե օրոցք ես դեռ գալիք՝
Քեզ կսպասեն հարսների մեջ՝ հազար-հազար ծիլ բալիկ,
Հազար-հազար օրորոցներ, որ անտառ չեն տակավին
Հազար ու բյուր սեղմ ու սաղմեր, որ դեղ են վաղն հայ ցավին,
Հազար-հազար, հազար ու բյուր , հազար ու բյուր բալիկներ,
Թե փլուզվես, ով խաղաղիկ՝ ումո՞վ դառնան... գալիքներ,
Յոթնապատիկ իմ ողջ տունը աղոթում է քեզ համար,
Ոչ թե առաջ իմոնց համար, այլ քեզ համար, ո´վ աշխարհ,
Այսօր ծիլ է, վաղը գալիք, մյուս օրը պտղակուտք:

Ով նեյտըրոն, քո պատյանը, դագաղն է ողջ մարդկության,
Թե մարդկության մռունչն համառ՝ չխորտակի քո ճամբան:
Վեր դայակւիր խաղաղությո´ւն, արևելքից արևմուտք՝
Մեղրազեփյուռ օդի փոխվիր՝ բխած բոլոր ծաղկունքից,
Չճերմակի ոչ մի թուխդ, հույսեր ծաղկեն քո քունքից,
Օդի փոխվիր, հյուսիսում էլ, հարվում էլ, ամենուր,
Ժողովրդվիր, ո՜վ բարություն, մերկ մի թողնի ոչ մի թուր:
Թե գեղեցկի սիրահար եմ՝ դու ես չքնաղն իմ դարի՝
Դու կույս մայր ես՝ դու ես միակ Աստվածամայրն աշխարհի:
Թե կանթեղ ես՝ ամեն մի սիրտ ձեթ է որ միշտ վառ մնաս,
Թե Մասիսի ձյունն ես՝ կուզեմ աղբյուր դառած գիրկս գաս,
Թե մայրիկիս աչքերն ես դեռ՝ կուզեմ վրաս միշտ նայես,
Թե ազգերը բալիկներ են՝ կուզեմ մոր պես փայփայես:
Թե լուսին եմ՝ արև ես դու՝ ես քո լույսով լույս կտամ,
Թե ցօղուն եմ խոստումների՝ դու ես ծաղիկն իմ խոստման,
Թե բարուր եմ՝ կյանքն է օրօցք, դու ես բալիկն իմ գրկած,
Թե բանակ եմ՝ դու ինձ ամրոց, դու ես վրանն իմ զարկած:
Թե ես թուր եմ՝ դու ինձ պատյան, թե երակ եմ՝ դու արյուն,-
Թե փեսա, եմ՝ դու ես միակ կույս հարսնացուս, իմ գարուն:
Թե քո փողն եմ տագնապահունչ՝ դու ես շունչս մշտահողմ,-
Թե սրինգ եմ՝ դու ես նվագն համասփյուռված ամեն կողմ ,
Ո´վ մանկածին խորին խորհուրդ, ո´վ մանկապահ, մանկահայր,
Ո´վ մանկաբարձ, մանկադայակ, մայրաստինք, մանկամայր:
Ո´վ մարդապաշտ խաղաղություն, էլ ո՞րն ասեմ քո մասին,
Մի երեսդ արեգակ է, մի երեսդ էլ դեռ լուսին:
Թե դու Մարսն ես՝ ինչպես լուսնին՝ քեզ նվաճել կտենչանք,
Դու իմ մի բուռ ժողովրդի Վանա ծովի անրջանք...

 



ՀՐԱՇՔ



Երազիս մեջ դուռը զարկին
- Ո՞վ է ասի ներսից ես,
Դրսից ինչ որ պառաւ մի կին
Ասաց «Մատաղ լինեմ քեզ»...

Մի կտոր հաց ողորմացիր,
Աղքատ կին եմ, որբ, անտեր,
Ու ես իսկույն դուռը բացի՝
Հրաշք... մեռած մայրիկս էր:

Սարսափեցի, բայց գիրկն ընկա,
Մայրս ասաց, «ես եմ, ես,
Քեզ փորձելու համար եկա,
Հո չի՜ փոխել կյանքը քեզ:

Մուրացկանի տեսքով եկա,
Որ աշխարհն էլ իմանա՝
Տե՜ղն է խիղճդ, խիղճդ որդիս,
Թէ՞ մեռել է ինձ հետ նա...»


Երազիս մէջ հորս տեսա՝
Մորս նման հայտնւեց,
Խինդ ու վախով գիրկը հասա,
Շիրիմից ելավ ինձ գրկեց:

Հեկեկացինք դառն ու անուշ,
Հայրս նայեց իր չորս դին,
Արագածին նայեց քնքույշ,
Ասաց՝ կապրի իմ որդին...
Բայց երբ նայեց Արարատին՝
Ինձ խեթ նայեց հայրս ծեր,
- Էլ ինչո՞վ ես դու իմ որդին,
Երբ կիսատ է տունը մեր:
Վշտից նորից մեռավ հայրս,
Ասաց՝ «որդիս, թէ կուզես
Հողը թեթև լինի վրաս
Տունս կիսատ չթողնես...»

 


 

Մայրս


Մայրս փոքրիկ, մայրս խեղճ,
Մայրս մի մայր հասարակ,
Մայրս այս մայր երկրի մեջ,
Արևի դեմ մի ճրագ:

Բայց արևի լույսի տակ,
Երբ ցավեր եք ինձ բերում,
Սրտիս մռայլն անհատակ՝
Այն խեղճ ճրագն է ցրում:

Մայրս փոքրիկ, մայրս խեղճ,
Մայրս մի մայր հասարակ,
Մայրս մի բուռ սրտի մեջ,
Գիշեր ու զօր արեգակ:


 

ԾՆՈՂԱԿԱՆ ՍԵՐԸ


Ձյուն ձնեռ էր. կտուրն ելել,
Ձյուներն էի թափում ցած,
Քրտնել էի, շորերս հանել
Ու դեռ բարակ «մի շապկանց»՝
Ձյուներն էի թափում ցած։

Հանկարծ մայրս, երբ ինձ տեսավ՝
Հագիս բարակ մի շապիկ,
Ծնկին զարկեց, վայ-վույ ասավ,
- Ի՞նչ ես արել, իմ բալիկ։
Ու՞ր ես քրտնած շորորդ հանել,
Կապուտկել ես, իջիր ցած,
Բայց ես թափում ձյուները դեռ,
Ձյունի մեջ էլ քրտնած՝
Չէի ուզում իջնել ցած...

Այնինչ մայրս գոռում-լալիս,
Մեկ էլ տեսա՝ մտավ ներս
Ու դուրս բերեց բարուր-բալիս,
Ասես կտրից ընկա ես.
Ու գոռացի մորս վրա,
Ա՜խ, չորանար թող լեզուս...
- Ու՜ր դուրս բերիր, նե՛րս տար իսկույն,
Մրսե՜ց, ներս տար մերկ որդուս։

Ու մայրիկս, մոտիկ գալով,
Փայփայելով իմ որդուն,
- Ախ, բալիկ ջան,- ասաց լալով,-
Մի՛ բարկանա վրաս դուն,
Չէ՞որ դու էլ իմ բալիկն ես,
Նրա համար դուրս բերի,
Որ քեզ տեսնես, ինձ էլ խղճաս.
Դու էլ ի՛մն ես, ցա՛ծ արի...

 



Կնոջ սիրտը


Կնոջ սիրտը մի բաժակ է բյուրեղյա, -
Փշրեցիր ու չես կարող էլ կպցնել,
Եվ այն օրից, ավա՜ղ, էլ չի կարող նա
Համբույրներիդ գինին սրտանց վերցնել:

Ի՞նչ հրաշքի սիրտ կա սրտում մայրական,
Ու ինչքան էլ փշրում է որդին խենթ,
Չանցած մի պահ, չանցած վշտի մի վայրկյան
Կպչում է միշտ ու քեֆ անում որդու հետ:


Մի կյանք արժե


Մի կյանք արժե մի համբույրը աղջկա,
Առանց սիրո, առանց կնոջ կյանք չկա.
- Ա՜խ, չէ՜, թեկուզ դրախտն ինքը կին լինի`
Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:

Կինը սեր է, բախտաբեր է`թե սեր տաս,
Առանց կնոջ`ինձ պես անբախտ կմնաս,
Ա՜խ, չէ՜, թեկուզ բախտն էլ անհաս կին լինի`
Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:

Արևն, ասես, կնոջ աչքից կծագի,
Մի համբույրից`անապատը կծաղկի,-
- Ա՜խ, չէ՜, թեկուզ չեղածն ինքը կին լինի`
Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:

Կինը մահին հաղթող կյանքի աղբյուր է,
Իմ համբույրով ինձ բալիկներ կբերե,-
- Ա՜խ, չէ՜, թեկուզ աստված ինքն էլ կին լինի`
Կին կգտնես, բայց մայր երբեք չես գտնի:

 


 

 

Ծով կուզեր ձգել ձկնորսն իր շանը

Ծով կուզեր ձգել ձկնորսն իր շանը,
Տես դու ապերախտ աշխարհի բանը,
—Շատ է զառամել, էլ պետք չի գալու,
Գող ու գայլի հոտն էլ չի զգալու
Իր քթի տակ էլ,
Շան օրն է ընկել՝
Էլ տուն չի պահե ու մարդ անբանը
Նավակից ծովն հրեց իր շանը.
Թշնամու նման
Ծովն հրեց նրան՝
Իր հավատարմին, իր հին մտերմին։
Ապշեց մի վայրկյան դողահար շունը
Նա, որ տարիներ պահում էր տունը,
Հսկում էր քունը տիրոջ ապիկար։
Գայլի հոտն անգամ չէր թողնում մոտ գար,
Ձմռան գիշերն էլ հազար գայլով լի,
Բայց օր ծերության հանդիպեց գայլի։
Մարդը հրում էր, որ ծովը ձգե,
Շունը ճգնում էր, որ կյանքը փրկե,
Տիրոջն էր կպչում՝ կառչում թաթերով,
Լուռ կատաղությամբ և թե լուռ սիրով,
Նույնիսկ աչքերում արցունք երևաց։
Բայց, երբ մարդն էլ կատաղեց, հևաց,
Երբ անսիրտ մարդն էլ անմիտ կատաղեց՝
Ծռվեց նավակը՝ ծովն ընկավ՝ թաղվեց,
Ծովն ընկավ մարդն էլ, բայց տես ինչ տեսավ.
Շունը խեղդվող տիրոջը հասավ
Բերանով իսկույն
Բռնելով մարդուն
Լողալով՝ մարդուն դուրս բերեց ծովից,
Եւ ինքը մեռավ իր սրտի ցավից...


 

Մոր սիրտը

Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել՝
Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին,
Արև աչքերի լույսն է նա թափել՝
Լուսնյակ դառնալով՝ որդոց օրոցքին...
Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ախ, մայր երգելուց ինչպե՞ս կշտանամ,
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս։

 


Ցնորք չի եղել Հայոց վիշտը մեծ

Ցնորք չի եղել Հայոց վիշտը մեծ
Ու թե հառաչեր մի հայ բանաստեղծ
Թե չար դարերի հողմերով քշված
Լուսնի վրա էլ հայեր կան ցրված...
Ես կհավատամ այդ դառը խոսքին
Ես կհավատամ, որ լուսինն անգամ
Ծանոթ է բոկոտն հայ թափառ ոտքին
Ու դրանից է նա թախծում այսքան:
Ա~խ քո էլ բախտն է լուսնկան լալիս
Դու էլ ես պանդուխտ իմ ազիզ Մասիս
Բայց քեզնից էլի կարոտս եմ առնում,
Երբ քեզ եմ նայում մի լեռ եմ դառնում
Մինչ հազար ծովեր դեռ այն կողմ ցրված
Որքա~ն Մասիսներ դեռ ունեմ գերված
Ես դարեր խաբված դարերով զարկված
Նոր եմ բռունցքվում լեռներում իմ լուրթ
Ես որդեկորույս բայց հույսով փրկված
Ես մի Հայ մի Հայր մի Հայ ժողովուրդ...

 


 

Հուրն են սիրո սևի սիրուն լույս աղջիկներն Հայաստանի


Հուրն են սիրո սևի սիրուն լույս աղջիկներն Հայաստանի,
Սրտիս վրա քայլող գարուն` կույս աղջիկներն Հայաստանի,
Իմ սիրտն ի՜նչ է, ա'խ, թե ուզեն` բերդեր կառնեն մի հայացքով,
Անառիկ բերդ ու սիրո սյուն` հույս աղջիկներն Հայաստանի:

Մեկը մեկից պարզ ու կախարդ, մեկը մեկից խոսքով քաղցր,
Ետ կբերեն ալևորին, օձ կթովեն աչքով քաղցր, -
Մեկը` աստղիկ, մեկը` լուսնյակ, մեկն` արևի տեսքով քաղցր, -
Իմ Հայաստանն են զարդարում նուրբ աղջիկներն Հայաստանի:

ՈՒ չգիտեմ որի՞ն սիրեմ, որի՞ն թողնեմ անհագ սրտով,
Ամենքին է սրտիս աչքը արևի պես կրակ սրտով,
Երբ հուր ծովի պես են քաշում` ո՞նց դիմանաս վտակ սրտով, -
Ինձ աստղերից ցած են բերում սուրբ աղջիկներն Հայաստանի:

 


Գտա

Իմ մանկության դառն հուշեր,
Ու ես ձեր մեջ որբ տղա,
Բայց ահա խոր մի գիշեր
Որբանոցից ես փախա .
Մորս կարոտն իմ սրտին՝
Քաղաքն արի ոտնատակ,
Գտա միայն մեր բարդին
Ու մեր խրճիթն՝ ավերակ։

Ա՜խ, կոծում էր բարդիս դեռ՝
Թե ինչպես ձեռքն ասկյարի
Հորս թողել կիսամեռ,
Չէր թողել քարը քարի...
Բայց ու՞ր էր մայրս դալուկ,
Ա՜խ, նա էլ էր որբացել,
Արցունք դարձել ու մանուկ
Աչքիս մեջ էր մնացել։
Եվ հուշերի սրտամշուկ
Շշուկներն են վկայում,
Որբ մնացի և արցունք,
Եվ Շիրակիս շուկայում
Խուժանացա։ Եվ մի օր
Տեսա՝ սև հացը ձեռքին
Տուն էր գնում գլխիկոր
Հին շուկայից մի խեղճ կին։


Վրա պրծա ու ձեռքից
Հացն ուզեցի փախցնել,
Նա ետ դարձավ, բայց մեկից,
Ա՜խ, չիմացավ ինչ անել,
Եվ անունս շրթունքին՝
Ինձ գառի պես գիրկն առավ,
Ամուր սեղմեց իր կրծքին։

Եվ գլուխս էր գուրգուրում,
Սեղմում կրծքին իր մաշված,
Եվ աչքերս էր համբուրում,
Եվ ձեռքերս մրոտված,
Եվ կրկնում էր՝ <<Գի՛ժ ջան, գի՛ժ>> ։
Եվ լալիս էր , եվ գգվում,
Եվ դեռ մեր շուրջն ակնապիշ
Մարդիկ էին հավաքվում...


Բայց սիրտս, որ տարիներ
Կարոտել էր մոր գրկի,
Չէր հարցնում, թե ով էր,
Չէր մտածում ու կրկին,
Թեև, որպես մի թռչնակ,
Թպրտում էր կույր ու խեղճ,
Բայց զգում էր, որ մի տաք
Բույն էր գտել գրկի մեջ։

Նա խենթ փայում, փայփայում,
Եվ խայտում էր իմ հոգին,
Ու կարծես թե շուկայոււմ
Ինչքան հաց կար՝ ինձ տվին
Բայց նա հացն էլ մոռացած՝
Դեռ ինձ կրծքին էր սեղմում,
Ա՛խ, նա մայրիկս էր կորած,
Կորած որդուն տարավ տուն...



 

Որդիս, քեզ ի՞նչ կտակեմ...




Որդիս, քեզ ի՞նչ կտակեմ, ի՞նչ կտակեմ, իմ բալիկ,
Որ ինձ հիշես վշտի մեջ, թե խինդի մեջ քո գալիք.
Գանձեր չունեմ, բայց գանձն ի՞նչ, գանձը լույսն էր աչքերիս,
Դու ես միակ իմ գանձը, դու ես գանձը գանձերիս:
Քեզ այնպիսի գանձ կուզեմ ես կտակել հայրաբար,
Որ չի կարող կտակել ուրիշ երկրում ոչ մի հայր, -
Ես քեզ այն եմ կտակում, որին այս մեծ մեր դարում
Փոքրիկ մարդիկ են բանտել ու շղթայել ամպերում.
Քեզ մեր սարն եմ կտակում, որ դուրս բերես սև ամպից,
Որ տուն բերես շալակած արդարությամբ մեր անբիծ,
ՈՒ կբերես, իմ բալիկ, թեկուզ քո խեղճ թաթիկով
Մեր սարն այս կողմ շուռ կտաս` արդարությանդ ուժն է ծով,
ՈՒ երբ բերես, իմ բալիկ, սիրտս էլ շիրմից կհանես,
Կբարձրանաս ու սիրտս ազատն ի վեր կտանես
ՈՒ կթաղես իմ սիրտը ձյուների տակ Մասիսի,
Որ շիրմում էլ` դարավոր հուր կարոտից չմրսի:
Քեզ Մասիսն եմ կտակում, որ դու պահես հավիտյան,
Որպես լեզուն մեր հայոց, որպես սյունը քո հոր տան:

 

 


 

Մայրիկ, հիվանդ եմ, սիրտըս քրքրված...

Մայրիկ, հիվանդ եմ, սիրտըս քրքրված.
Տես, ո՜րքան խորն են հոգուս վերքերը
Արնոտ ու խոցոտ:
Մի՞թե կարող ես վերքերըս բուժել,
Որ տիեզերքի հըսկա վերքերի
կաթիլներիցն են:

Մայրի՛կ, հիվանդ եմ երկընքի ցավով.
Տե՛ս, ի՜նչպես դառըն երգում եմ երգեր
Անհուն վըշտերի, տանջված մըտքերի.
Մի՞թե կարող ես երգերս մարել,
Որ տիեզերքի հսկա վերքերի
Ցավն ու կըսկիծն են...

Ա՜խ, թո՛ղ, մայրիկ իմ, վերքերս վառվին,
Թո՛ղ ես մըրմընջամ, անհույս մորմոքին.—
Ա՜խ, դու չե՛ս կարող խեղճ որդուդ կյանք տալ,
Ափսո՜ս, չես կարող բոցը արևի,
Շողքը աստղերի, թափը կայծակի
Հոգուս մեջ ձըգել — կյանք տալ իմ կյանքին:
Երբեք չե՛ս կարող ջնջել ու փըշրել
Երկինք ու երկիր — իմ մեծ վերքերը
Արնոտ ու խոցոտ...

 


 

***

Քեզ ոչ թե հույսի ընդունայն խոսքեր`
Դաշտի ծաղիկներ կուզեի քեզ տալ,
Քեզ ոչ թե դաշտի թոշնող ծաղիկներ`
Երկնքի աստղեր կուզեի քեզ տալ,
Քեզ ոչ թե մութից դողացող աստղեր`
Մա՛յր իմ, արևներ կուզեի քեզ տալ,
Քեզ ոչ թե հազար գարնան արևներ`
Կյանքի ծովերը կուզեի քեզ տալ,
Որ դար ու դարեր քո սիրով անամպ
Լցնեիր կյանքը քո սուրբ սրբությամբ,
Մա՛յր իմ, արևս կուզեի քեզ տալ,
Հավերժությունը ողջ տիեզերքի,
Թեկուզ մի վարդ էլ քեզ պարտք չմնալ,
Ո՛վ աստվածություն` խիղճ ու արցունքի...


***

Օ՜, թե իրավ են փոխում սրտերը,
Թող իմն էլ փոխեն՝ անսեր մի սրտով,
Որ այս սրտիս հետ կորչի իմ սերը,
Գեթ մոռանամ քեզ , ապրեմ անվրդով:
Կամ ծիածանվի քնարս անպես,
Որ տակից անցնես ու առնաս տղա,
Որ անհետ չքվի սերս աղեկեզ,
Քեզ հիշելիս էլ՝ սիրտս չդողա...

 


ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ



Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենիք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

 





 

 


Comments (47)

1. Sam (link) 11/04/2016

Shat Lavner

2. Samvel khacaturyan 15/03/2016

Vortex e
Mayrikis mej voxj mayrerin yes kzgam

3. KAREN BAROYAN 28/02/2015

es shatem sirum shorazi banastexcutyunner@

4. Ani 01/01/2015

Es shat em sirum hovhannes shirazin Ev hpartanun EM or mer asxarim kan nman banastexcner es iskapes heart EM

5. ani 15/12/2014

schat lanein

6. ANNA 07/12/2014

Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել

Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել՝
Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին,
Արև աչքերի լույսն է նա թափել՝
Լուսնյակ դառնալով՝ որդոց օրոցքին...
Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ախ, մայր երգելուց ինչպե՞ս կշտանամ,
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս։

7. Anna 07/12/2014

Es hiacac em Shirazi taxergutyunov,Na mec erm,hianali poet.Cankanum em,vor aydqan shat nra koxmic artahaytvac .es im Masis sarn em uzum. artahaytutyunn el chlsvi,ayl asvi miayn Masis sarn arden mern e u miayn mer@.

8. Rubo 01/01/2014

Es u im @nkeruhin shatenq sirum Shirazin , kecce Mecn banastexc@

9. Մ. Զաքարյան 18/04/2013

Առաջարկում եմ արգելել ոչ մեսրոպատառ հայերեն մեկնաբանությունները։ Սա ուղղակի թշնամին չէր անի՝ այն էլ այպիսի կայքէջում։

10. katalina 21/02/2013

կարդացածիցս հասկացա, որ Շիրազը շատ եր սիրում մորը:
ՇԱՏ ԼԱՎ ԷՐ

11. sssssuzka 30/01/2013

shat hiasqanch xosqer u artahaytutyunner[image][/image]

12. gevorg (link) 13/01/2013

xorimast banastexcucyunner en

13. karevor chi 18/12/2012

ayskayqi shnorhiv es karoxaca katarel im tnayin handnararutyunner@

14. SAT 04/11/2012

SHAT LAVNEN (y)

15. Hakobyan Rafayel 04/11/2012

es sht em srum banastexcnerin, bayc aveli shat em sirum HOVHANNES SHIRAZIN

16. Ani (link) 07/09/2012

bravooo

17. ՎԱՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ 01/09/2012

... ծաղիկ, սրտիկ, տռտիկ-պռտիկ, մայրիկ, հայրենիք...
Հ. Շիրազ

18. Alla 08/08/2012

es shat sirum em nra stexcagorcutyunern

19. ГЕВОРГ 22/07/2012

KUZEM ES MISHT CHAR LINEM U XENT LINEM MORS DEM VOR INCH AYDQAN CHSIRI CHTESNEM LACHN ACHQERI U TE KORCHEM MI OR EL TVA BAN CHI KORCHREL LOK ANARAK MI VORDI VOR AX PUSHN ER IR SRTI BAICH MEH KANCHNI MOR SRTOV AMEN VORDU KORSTOV VORDIN LINI MI ARQA TE MI XENTUK SRIGA............... HOVHANNES SHIRAZ..

20. Has (link) 14/07/2012

Es shat em sirum Shirazi banastexcutyunner@ ev votanavorner@

Show more comments
Add a comment

You're using an AdBlock like software. Disable it to allow submit.

Make a free website with emyspot.com - Report abuse