Maro Margaryan

 

Կենսագրություն - Մարո Մարգարյան

1915-1999

Մարո Մարգարյանը հայ բանաստեղծուհի է:

 

 




 

 




 

Նորից մի անգամ ինձ ապտակեցին....


Նորից մի անգամ ինձ ապտակեցին,
Հավատի համար իմ այս մանկամիտ,
Որ մնացել է դեռ նյարդերիս մեջ
Երազանքների այս հիմար քամին:
Եվ ծիծաղում են,
Ծիծաղում վրաս
Մարդիկ անարեվ,
Մարդիկ աներազ:
Որ դեռ լույսեր ու հույզեր են հորդում
Հոգուս հատակից,
Առանց կատակի.
Եվ ես սրտնեղաց ինձ հարց եմ տալիս...
Այս որ անգամն ես դեմ առնում պատին...

Այսօր անզիջում վերջ ու վերջակետ:

Այսօր անզիջում վերջ ու վերջակետ:
Անգին օրերի վատնումին իզուր ,
Խենթ քամիների մատնումին իզուր,
Այսօր անզիջում վերջ ու վերջակետ:
Խստախոս եղիր նախ ինքդ քեզ հետ,
Ջուրը մի թափի քիչ ունեցածդ.
Մի քանի քայլ է մնում քեզ հազիվ,
Անհուր, անիմաստ հատնումին իզուր՝
Այսօր անզիջում վերջ ու վերջակետ:


Լուսամփոփը հանկարծ շոշաց


Լուսամփոփը հանկարծ շոշաց
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծառը խշշաց, ճյուղը դողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Առուն փախավ խոխոջալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծածկվեց լուսնյակն ամպի շալով
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի:

Դու ինչու՞ ես լցվել այդպես
Աշխարհով մեկ,
Դու ինչու՞ ես այդպես անհուն
Ու անեզերք:

Վեր կաց իմ անգին ...


Վեր կաց իմ անգին ,
Եվ լուսաբացի կապույտ կոհակով
Երեսդ լվա:
Ափ- ափ հավաքիր շողերն առաջին,
Շաղախիր նրան մշուշը հոգուդ ՝
Հավերժ անհանգիստ ու ստեղծարար,
Առ կարոտների մի անհուն ծարավ
Ու դիր երգիդ մեջ...
Իմաստավորիր քո հաղորդումով
Այս մեծ պարգեվը
Բնության տված:
Վեր կաց իմ անգին ,
Եվ լուսաբացի կապույտ կոհակով
Երեսդ լվա ...

Հազար անգամ խոստացել եմ ինձ

Հազար անգամ խոստացել եմ ինձ
Ոչ մի պայմանով էլ չսխալվել ,
Սխալվել եմ ես հենց հաջորդ քայլից
Ու մանկան նման նորից եմ տարվել:
Խաբվել եմ իսկույն արտաքին փայլից ,
Հիացել անսիրտ ժպիտներով սուտ,
Նոր սխալի մեջ բռնել եմ ես ինձ ,
Նոր երդումներ թափել անօգուտ:
Նորից նախատել ու նորից դատել,
Նորից ինքս ինձ հույսերով պատել
Եվ այսպես անվերջ, եվ այսպես աներջ:
Ուսուցչուհու պես խոժոռվել եմ խիստ ,
Աշակերտի պես չոքել իմ առաջ
Ու սիրտս բացել:
Հազար ձեվերով հսկել եմ ես ինձ,
Բայց խոսքս պահել չեմ կարողացել:

Բացվեց դուռս ու տուն եկար...

Բացվեց դուռս ու տուն եկար,
Լցվեց տունս արեգակի տաք շողերով,
Միթե՞ իրոք կա աշխարհում անձրեվ ու ամպ,
Միթե՞ իրոք վիշտ կա կյանքում՝արցունք բերող:

Փակվեց դուռս, դու գնացիր,
Երբ է արեվ եղել այստեղ,
Ես անձրեվ եմ հիշում միայն
Եվ կարոտի տխուր հեղեղ:

Բայց մի շող է ընկել պատին,
Մի ճառագայթ փոքրիկ ու շեղ ,
Ասես դու չես անցել անհետ,
Ասես դեռ կաս դու ինչ-որ տեղ:

Գուցե չկա



Գուցե չկա, այն ինչ որ ես
Որոնում եմ քանի տարի.
Գուցե չկա:
Երազներ են գուցե անմիտ
Խենթ աղջկա՝
Անիրական , անկհանրին
Գուցե չկա:
Ու թորշնում են գույները վառ
Ճանապարհի...
Իսկ ես նման խենթ աղջկա
Որոնում եմ
Ինչ որ չկա:

 

Չէ որ ամեն ինչ քեզ ունենալուհամար էր միայն



Չէ որ ամեն ինչ քեզ ունենալուհամար էր միայն,
Իսկ ես ամեն ինչ ունեցա կյանքում՝
Քեզանից բացի.
Եվ ես ոչնչով միայն մնացի՝
Ունեցա ոչինչ.
Աշխարհում այս մեծ ,
Անսկիզբ, անվերջ
Անհատակ ու լայն,
Չէ որ ամեն ինչ քեզ ունենալու համար էր միայն...

 



Խեղդվելու չափ պետք ունեմ ես

Խեղդվելու չափ պետք ունեմ ես
Լավ ընկերոջ ու լավ մարդկանց.
Ոչ մի թավիշ շող ու շքեղ ,
Ոչ մի գունեղ մետաղ ու գանձ .
Ոչ մի թռիչք ՝ երկինք հասնող,
Փառքի կատար ամենախանձ,
Ու պարտադիր սուտ սերերի ,
Ոչ մի կպչուն սոսինձ ու սանձ:
Մաքուր, մաքուր ու լուսնատես,
Լուսաբացի ցուրտ օդի պես.
Ես հոգնել եմ, հոգնել եմ ես
Ձեվացնելով ու ձգելով,
Չեղած լավը սուտ փքելով,
Հույս տալով ինձ, սպասելով,
Ու մեղաներ ինձ ասելով:
Տարիները եկել դիզվել՝
Ծանրացել են թռիչք ու թափ,
Լավ սրտերի պետք ունեմ ես
Խեղդվելու չափ,
Խեղդվելու չափ:


ՁՅՈՒՆ, ՄԻ' ԻՋԻՐ


Ձյու'ն, մի' իջիր իմ վարսերին,
Ա՜խ, ես այնքան ջահել եմ դեռ,
Մինչև հիմա կյանքի վերից
Երազներով սահել եմ դեռ:

Երեկ էր լոկ, որ ես ճերմակ
Զույգ ժապավեն էի կապում.
Իսկ դու այսօր պաղ ու ճերմակ
Սառույցներ ես դեմս կապում:

Եվ ինչու՞ ես դու շտապում,
Փաթիլներըդ վրաս թափում,
Մի տես որքան կայծ ու կրակ,
Կանաչ, կարմիր երազանքներ,
Մի տես որքան կարոտ ու սեր,
Հոգուս խորքում պահել եմ դեռ:


Comments (3)

1. zara™ 13/05/2015

շատ եմ սիրում նրան Հրաշք բանաստեղծուհի.....
Այդ քամին է քո
Պատուհանի տակ ...
Մի կանաչ,կարմիր
Երգ է հորինում,
Դու ունկնդրիր միայն
ՈՒ քնիր,քնիր.......

2. Ovsanna 08/12/2012

BRAVOOOOOOOOOOOO

3. Ovsanna (link) 08/12/2012

Du mi bur, mi ap, Du mi srti chap Du srti pes layn, Du srti pes khor, Hayreni im hogh. Akunq bariqi, Buyri u berqi, Luys darcac im ser, Im hrashq erkir. Im srtic pokvac Arajin bars, Mi hatik zavak" Tank minuchars. Du mi bur, mi ap Du mi srti chap:

Add a comment

You're using an AdBlock like software. Disable it to allow submit.

Make a free website with emyspot.com - Report abuse