Nairi Zaryan

Կենսագրություն - Նաիրի Զարյան

Զարյանը ծնվել է 1900 թվականի դեկտեմբերի 31-ին, Արևմտյան Հայաստանի Վանի վիլայեթի Խառակոնիս գյուղում: Ծանր է եղել նրա մանկությունը։ 1915 թվականին, թուրքական յաթաղանից հալածված, հազարավոր հայրենակիցների հետ միասին, Զարյանը գաղթում է Արևելյան Հայաստան, ապրում է որբանոցում։ Իր հայրենիքում սովետական կարգեր հաստատվելուց հետո ստանում է համալսարանական կրթություն և դառնում ճանաչված գրող։

Զարյանին հռչակ բերեցին նրա մի շարք լավագույն բանաստեղծությունները, «Ռուշանի քարափը» (1930) պոեմը և «Հացավան» (1937-1947) վեպը, իսկ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նրա ստեղծագործությունները հայրենասիրական կրակ վառեցին ընթերցողների սրտում, օգնեցին ապրել ու հաղթել թշնամուն։

1941-1945 թվականներին Զարյանը հրատարակեց «Մարտակոչ» (1941), «Շիրակաց հոգով», «Վրեժ» (1942) և «Լսեք դարեր» (1942) ժողովածուները։ Այդ շրջանի հիանալի գործերից են «Ձայն հայրենական» պոեմը (1943) և «Արա Գեղեցիկ» դիցավեպական ողբերությունը (1944 թ.), որը պատմում է հայոց թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի թագուհի Շամիրամի պայքարի մասին։ Արա Գեղեցիկը, մերժելով իր հայրենիքը նվաճել ցանկացող Շամիրամի սերը, կռվի է ելնում նրա բանակի դեմ և հերոսաբար զոհվում։

Զարյանի դրամատիկական երկերից ուշագրավ են «Աղբյուրի մոտ» (1948) և «Փորձադաշտ» (1950) կատակերգությունները, որոնք գրված են ետպատերազմյան տարիներին: Նրա լավագույն գործերից է նաև «Հայերեն» բանաստեղծությունը գրված հայրենասիրական զգացումով։




 

 

 

Դու ինձ կըփնտրես

Դու ինձ կըփնտրես, երբ ես չեմ լինի
Կանգնած ամեն օր քո ճամփի վրա,
Երբ մենակության լալկան ուռենին
Կըթեքվի մի օր քո ճամփի վրա։

Ձայնըս կըլսես հեռու ձորերից,
Ինչպես հեռացող գնացքի սուլոց,
Սարսուռով կտաս անունըս նորից
Եվ ունայն հույսով կընետվես փողոց։

Բայց ես չեմ լինի ծանոթ մարդկանց մեջ,
Ձեր դռան մոտով չեմ անցնի կրկին,
Դու քայլամոլոր կշրջես անվերջ,
Եվ զղջման բոցով կայրվի քո հոգին։

 


 

Շնորհակալ եմ աշխարհից, երբ․․․

Շնորհակալ եմ աշխարհից, երբ որ դու կաս աշխարհում,
Թեկուզ ինձնից հավետ հեռու, հավետ անհաս աշխարհում:
Անցնեմ միայն ձեր տան մոտով, տեսնեմ ստվերըդ պատին,
Թո՛ղ իմ դիմաց միշտ փակ մնա ամեն դարբաս աշխարհում:
Փողոց ելնեմ, և դու հեռվից հրդեհի պես երևաս,
Հեռվից այրես ու անց կենաս, դառնաս երազ աշխարհում:
Մի առավոտ միայն ժպտաս, ինչպես արևն ամպերից,
Այնուհետև թո՛ղ միշտ անձրև թափվի վրաս աշխարհում:
Գնում եմ ես մերժված, տրտում: Մնաս բարյա՜վ ... բայց կրկին
Շնորհակալ եմ աշխարհից, երբ որ դու կաս աշխարհում:

Սպասում եմ քեզ


Ես հավատում եմ, որ դու կաս,
Ես սպասում եմ քեզ.
Իմ բաղձալի և բացակաս,
Ես սպասում եմ քեզ։
Դու խոստացել ես ինձ՝ հոգուս
Կապույտ այգաբացին,
Մթնշաղին իմ վաղահաս՝
Ես սպասում եմ քեզ։
Քո խոստումները երեկվա
Այսօր չմարմնացան,
Թեկուզ դու վաղն էլ չերևաս,
Ես սպասում եմ քեզ։
Կաղնիս վաղուց է մերկացել
Հույսի տերևներից,
Թեկուզ դալուկ աշնանը գաս
Ես սպասում եմ քեզ։
Մինչև վախճանն այս երազի
Մնացել է մեկ վայրկյան,
Երջանկության անմահ երազ,
Ես սպասում եմ քեզ։

 

 


 

 

 

 

 

 

 


ՀԱՅԵՐԵՆ

Ինչո՞ւ չես խոսում հայերեն...
Ես երգ եմ հյուսում քեզ համար.
Հոնքերդ հպարտ ու կամար,
Իջնում ես հայոց լեռներեն, --
Ինչո՞ւ չես խոսում հայերեն:
Ես երգ եմ հյուսում քեզ համար.
Դու չես հասկանում իմ լեզուն:
Ես խորթ եմ, օտար քո հոգուն,
Բայց քո տեսիլով խանդավառ,
Ես երգ եմ հյուսում քեզ համար.
Հոնքերդ հպարտ ու կամար
Հանց վեհ տաճարները հայոց,
Հայացքդ մաղում է ամառ:
Հայկից են աչքերը քո բոց,
Հոնքերդ հպարտ ու կամար:
Իջնում ես հայոց լեռներեն,
Ինչպես թեթևոտ մեր պախրան,
Նազանքըդ այնպե՜ս նաիրյան,
Հըմայքդ այնպ՜ս հայերեն՝
Իջնում ես հայոց լեռներեն,
Ինչո՞ւ չես խոսում հայերեն:
Նորքից ես թռել դու, իմ լո՛ր,
Զանգուն է երգել քեզ օրոր,
Մասիսն է հսկել վեհորեն,
Ինչո՞ւ չես խոսում հայերեն:

 


ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ


Արի´, եղբա´յր, փառաբանե´նք մեր քաղցրաբառ հայոց լեզուն,
Մեր արտի ջուր, մեր ձեռքի թուր, մեր հոգու լար հայոց լեզուն:

Հոսել է նա մեր դարերից, մեր սարերից ու մեր սրտից,
Արաքսի պէս միշտ կենդանի, միշտ անսպառ՝ հայոց լեզուն:

Նա առատին կանչն է եղել դիւցազնական մեր նախահօր,
Օրօրոցից մեզ փայփայել է մայրաբար հայոց լեզուն:

Քերթողահայր նարեկացուց մինչև Քուչակն ու ձեր ծառան,
Տւել է մեզ երազ ու երգ և ճանապարհ՝ հայոց լեզուն:

Կը մոլորւէր մեր կարաւանն ամպրոպաշունչ գիշերներին,
Կը կորչէինք, եթէ ճամբին չըբոցկլտար հայոց լեզուն:

Քանի՜ ցեղեր ցամաքեցին, ինչպէս հեղեղն աւազի մէջ,
Բայց նոր դարի ծովին հասաւ մեսրոպատառ հայոց լեզուն:

Նրան իր ձեռքն է վերցրել մեր պետութիւնն աշխարհաշէն,
Այդ վեհ ձեռքով է բարձրանում դէպի կատար՝ հայոց լեզուն:

Այսօր էլ նա բռնութեան դէմ փայլատակում է բարկացայտ,
Հերոսական լեզուների հերոս եղբայր հայոց լեզուն:

Ուրեմն եկ փառաբանե´նք, փայլեցընենք թրի նման,
Որ զրընգայ արևի տակ յաւէտ պայծառ հայոց լեզուն:

 



 


ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ

Այս գիշեր տեսա մի անուշ երազ.
Ես իմ հայրենի տունն էի նորոգում,
Մանկության երկինքն էր բացվել վրաս,
Եվ արշալույսներ կային իմ հոգում։
Այնտեղ էր մայրս, հայացքը պայծառ,
Մայրենի լեզվով խոսում էր առուն,
Խշշում էր բակում հինավուրց մի ծառ...
Այնպես ծանո՜թ էր և այնպես գարո՜ւն...
Երդիկից կաթած շողն արեգական
Թվում էր հոգուս ոսկյա բանալի,
Արևն էր նայում աչքով մայրական,
Եվ քաղցր էր աշխարհն ու հասկանալի...

 


 Չսիրող թևեր

Գուցե նստած պատշգամբում
Թախծում ես դու մեկի մասին,
Որ երազում է ուրիշին,
Եվ քեզ բնավ չի նկատում:
Ես քո դիմաց այրվող մի հուր,
Չես նկատում , այրվում եմ զուր,
Մեկն էլ գուցե ինձ է փարվում
Իր իղձերում, իր աշխարհում:
Դու ուրիշի, ես՝ քո դիմաց
Դողում ենք լուռ, այրվում անվերջ
ՈՒ մոխրանում մեր չսիրած ,
Մեզ չսիրող թևերի մեջ:

 

 

 


Comments (4)

1. angel 23/12/2012

shat lav texekutyun e

2. SONA 26/11/2011

shat lav banastex&utyunner en

3. հասմիկ 15/11/2011

Գնում եմ ես մերժված, տրտում: Մնաս բարյա՜վ ... բայց կրկին
Շնորհակալ եմ աշխարհից, երբ որ դու կաս աշխարհում:
Նաիրի Զարյան
շնորհակալություն

4. inesa (link) 08/09/2011

Add a comment

Make a free website with doomby.com - Report abuse