Ruben Sevak

Կենսագրություն- Ռուբեն Սևակ

 

1885-1915
 

Ռուբեն Սևակ (Չիլինկիրյան Ռուբեն Հովհաննեսի), հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ, ծնվել է 12.2.1885 Կ.Պոլսին մերձակա Սիլիվրի գյուղաքաղաքում:Սովորել է ծննդավայրի Ասքանազյան նախակրթարանում, Պարտիզակի ամեր. վարժարանում: Ավարտել է Կ.Պոլսի Պերպերյան վարժարանը, Շվեյցարիայի Լոզան քաղաքի համալսարանի բժշկական ֆակուլտետը, աշխատել է որպես բժիշկ Լոզանի հիվանդանոցներից մեկում: 1915-ին վերադարձել է Կ.Պոլիս,  ձերբակալվել է և աքսորի ճանապարհին գազանաբար սպանվել օգոստոսի 26-ին այն խմբի հետ,  որի մեջ էին նայև Վարուժանը, Սիամանթոն և ուրիշներ:  Սևակի ստեղծագործությունը վերաբերում է որպես հայկական նեոռոմանտիզմ բնութագրվող գրական ուղղությանը, սակայն աշխարհայացքով, գեղարվեստական մտածողությամբ ու ոճով ինքնուրույն տեղ է գրավում 20-րդ դ. սկզբի արևմտահայ գրական շարժման մեջ:

 



 

 

Source: hayeren.hayastan.com

 

ԵՐԳ ԵՐԳՈՑ

Երա՞զ, տեսի՞լ, անգո ստվե՞ր մ'անհոգի,
Ճառագայթի, փրփուրի խա՞ղ մը տարտամ:
Քմայապաշտ ծաղի՜կ մ'արդյոք ցընորքի,
Քու մշուշոտ գիծերուդ ի՜նչ անուն տամ.
Երա՞զ. տեսի՞լ, անգո ստվե՞ր մ'անհոգի:
Քու կապույտիդ վճիտ, աղվոր ջուրերու
Եթերային անրջանքին է հանգույն.
ՈՒ քու կարմի'րըդ Պենկալյան վարդերու
Երազամած կարմըրության պես տժգույն.
Գոգն աչերուդ կապույտն ունիս ջուրերու:
Արցունքիդ պես նայադներ պար կը դառնան:
Այդ ի՞նչ հեշտանք որ շրթներուդ մեջ կը'մպես.
Շունչըդ գինով է հովերու պես գարնան,
Ձայնըդ տարփոտ` աղբյուրներու երգին պես...
Արցունքիդ մեջ նայադներ պար կը դառնան:
Կը հմայեն զիս քու աչերըդ, կը շոյե՜ն,
ՈՒ մարմինեդ ծորող խունկը մեղավո'ր,
Ավելի քաղցր է Քանանու գինիեն...
Հազարբուրյան այս պատարա՞գն է աղվոր,
Թե լո'ւյծ աչերդ որ մութ հոգիս կը շոյեն:
Հրաշագո ո՜հ, քու անդրիդ բյուրեղե.
Սրունքներուդ սարսռացող ձյունն հրաշեկ,
ՈՒ անանո՜ւն ցոլքը որ քեզ կողողե,
Մորթիդ թաքուն գանգուրներուն խուրձը շեկ...
Հրաշագո'... ո՜հ, քու իրանդ բյուրեղե:
Տենչերուս վրա պիտի հսկեմ այս գիշեր
Որ բազուկնե՜րըս չը փընտռեն քեզ իմ քով,
Սիրտս ո՜ւր էր որ կուրծքեդ ոչինչ չը հիշեր,
Մինչև առտու պիտի հալեր արցունքով...
Կիրքերուս վրա պիտի հսկեմ այս գիշեր:
Իզո՜ւր: Հոգիս թաղվել կուզե հուլորեն
Ստինքներուդ մտերմությանը մեջ կույս.
ՈՒ անութիդ որոշ ծալքերը նորեն
Գիտեմ որ զիս պիտի տանջեն մինչև լույս...
Քու մե'ջդ հոգիս թաղվել կուզե հուլորեն:
Տժգույն աղջի'կ, հյուսիսայգի աչքերով,
Կոպերուդ վրա ու բիբերուդ մեջ խոնավ
Այդ ի՜նչ անճառ երանություն, ի՜նչ գորով...
Ո'չ մեկ արգանդ քե՜զ պես հրաշք չըծնավ,
Տժգո՜ւյն աղջիկ, հյուսիսայգի աչքերով:

 


ՍԻՐՈ ՄՐՄՈՒՆՋ

Անոնք գացի՜ն խորհուրդով ու գաղտնիքով բեռնավոր,
Գացին նավերը սիրույս իմ աչքերուս առջևեն,
Ցըռուկնին վեր, դեպի մութ եզերքները հեռավոր,
Առագաստները գինով, մայրամուտի գաղջ հովեն:
ՈՒ տեսա, որ հինավուրց դիցուհիի պես աղվոր,
Իրենց ձյունի անարատ սրբության մեջ համորեն,
Թևերնին վեր, անծանոթ ափունքներու ուխտավո՜ր,
Անրջանքիս կարապները սահեցան համրորեն...
Իրիկուն է: Կըդիտեմ ես լույծը անհուն ջուրի,
Հովը լըռիկ կըպատմե ինծի հուշքեր երջանիկ,
ՈՒ անմատում խորհուրդով անսահման ջուրը կուռի:...
Քար ու փրփուր ափին վրա կը համբուրվին իմ առջիս...
Ես կը դիտեմ հեռավոր հորիզոնին որ լըռիկ
Գացին նավերը սիրույս ու կարապներն անուրջիս:
Անոնք գացին խարհուրդո՜վ ու գաղտնիքո՜վ բեռնավոր...


ԵՐՆԵ՜Կ, ՋՈ՜ՒՐ

Ո՞վ պիտի երգե քու անփառունակ
Կյանքիդ միամիտ տաղը, մատա՜ղ ջուր,
Որ լո՜ւյծ դայլայլի մը պես շարունակ
Կը փրփրիս, կ'երթաս դաշտերուն մեջ ուր՝
Դարե՜ր դարերով ե'րգդ է գոհունակ:

Ո՜վ պիտի պատմե վազքերդ մշտոլոր՝
Վայրի վարդերու երազանքն ի վար.
Ո՜վ պիտի ցույց տա փրփուրներուդ խոր,
Հև ի հև կյանքիդ իղձերն հոգևար,
Վետ-վետ սեզերու շոյանքն ալ բոլոր:

Լուռ անրջանքի պահուն ցայգային,
Ո՜վ պիտի պատմե խիճերուդ լեզուն,
ՈՒ հեքիաթունակ սերն ուռենիին,
Երբ մութ գիշերով իրեն աղազուն
Ոստերը, փաղչող հոգվույդ կը հայի'ն...

Միամի՜տ վտակ, դարերե ի դար
Դուն մամռոտ ճամբեդ կ'երթաս անմոլոր.
ՈՒ երբ կը մեռնին շուրջդ անմխիթար՝
Գարնայնի գույն-գույն ծաղիկներդ բոլոր,
Երկու քարի մեջ կ'երգես անդադար:

Երնե՜կ քեզ, վտա'կ, մեռնիլ չունիս դուն.
Արցունքե մարմինդ կը վարես անվերջ,
Գիշերներու մեջ միայնակ, արթուն,
Անսկիզբն, անվերջ, վտիտ փոսիդ մեջ
Կ'երգես, երնեկ, ջուր, վախճան չունիս դուն...

ՈՒ երբ այս տողերն մրոտող նիհար
Ձեռքեն օր մը լոկ պուտ մը հող ապրի,
ՈՒրիշ քերթող մ'ալ, ինձի չափ հիմար,
Պիտի գա հարկավ երգերըդ վայրի
Հանգի, չափի տակ առնելու համար:

Մինչև հավերժորեն կյանքո'տ, զվարթո՜ւն,
Պիտի կարկաչե քու ջուրըդ հարաշարժ՝
Հեգնելով արվեստն ու կյանքը մարդուն...
Ո՜վ անմահության ըստվեր գետնաքարշ.
Վտա'կ, երնե՜կ քեզ, մեռնիլ չունիս դուն:

 


 

ԳԻՇԵՐԻՆ ՄԷՋ ԵՐԳ

Վարդե՜րը մեռան,
Վարդե՜րը մեռան
Իրենց բիւր-բուրան,
Ցողիկին վըրան
Վարդե՜րը մեռան,
Վարդե՜րը մեռան:

Արիւնոտ, մանրիկ,
Ոտներըս բոպիկ
Դիակներու վըրան
Դողդո՜ջ կ’երերան:
Վարդե՜րը մեռան,
Վարդե՜րը մեռան:

Գթայ ինձ, Աստուա՜ծ,
Մազերըս ցրուա՜ծ
Կ’երթամ տարաժամ,
Կ’երթամ ու կու լամ
“Ո՞ւր է իմ վարդը,
Ո՞ւր է իմ վարդը:”

Կ’ուզէի՜ գլխուն
Տակ դնել անհուն
Գեհենը կուրծքիս:
Թող այսպէս հոգիս,
Մեռնէ՜ր գուրգրանքո՜վ,
Իր դիակին քո՜վ…

 


 

 

***

- Умерли розы,
Умерли розы.
Умерли каждым
Своим лепестком.
Умерли розы,
Умерли розы –
Я по умершим
Иду босиком.

Высохли росы,
высохли росы.
Сколько печали
В розах родных…
Умерли розы,
Умерли розы.
Как же на свете
Жить мне без них?

Видишь, мой Боже,
С темною мукой,
С темною мукой
Розу зову.
Где моя роза?
Где моя роза?
Как я разлуку
переживу?

Кличу с любовью
Смерть к изголовью.
Пусть моя роза
Ляжет на грудь.
Тихо отправлюсь,
Мирно отправлюсь
С розой умершей
В грустный наш путь.

 



 

 

ՋԱՐԴԻ ԽԵՆԹԸ


Բեմական մէնախօսութիւն

ՔՐՔԻՋԸ

-Է՜հ, հա՜, հա՜, հա՜, հա՜.
Հօրս դիակն ուսիս, կքալեմ ահա՜
Ջարդուածներու դաշտին վըրայ լուռ…
Զառա՜մ Քահանայ, դիակըդ տըխուր
Ի՜նչ ծանր է ուսիս, ի՜նչ ծանր է ուսիս…
Անշուշտ, երբ իբր խենթ արտաքսեցիր զիս
Հայրենի բոյնէդ, չի խորհեցա՜ր բնաւ,
Թէ պիտի գայի գտնել քեզ խոնաւ
Թագստոցիդ մէջ խեղդուած, շան մը պէս,
Իմ պա՜րտքս վերջին կատարելու քեզ…

-Է՜հ, հա՜, հա՜, հա՜, հա՜.
Բոլոր խելացի մարդիկներն ահա՜,
Ահա՜ խելոքներն այս ապուշ կեանքին,
Ահա՜ անոնք, որ իրենց ծանր հոգին
Համրիչ քաշելով կ’զբոսնէին,
Ու նուիրումով մը աստուածային`
Կիրակին անգա՜մ մը բերանով ծոմ
Տիրամօր առջեւ կ’սպառէին մոմ,
Շաբաթ մը ամբողջ, անվա՜խ, անհամա՜ր,
Շնալու, ստելու, գողնալու համար:

-Է՜հ, հա՜, հա՜, հա՜, հա՜.
Բոլոր տիրացու հոգիներն ահա՜,
Ահա անոնք որ, ուղեղնե՜ր ծանծա՜ղ,
Ամէն մութ հարցի ունէին ծիծաղ,
Սաղմոսով սնած սոփեստներ աժան`
Հեշտ կ’լուծէին հարցումներ դաժան,
Դամոկլեան սուրի մը տակ դող ի դո՜ղ`
Շտեմարաննին կ’ուռցնէին գո՜հ,
Հարսնիքները շէ՜ն տօնելու վաղուա՜ն…
Ու չէին հաճէ՜ր իսկ խորհիլ Մահուան…

-Է՜հ, հա՜, հա՜, հա՜, հա՜,
Բայց ինչո՞ւ քրքիջս այսպէս կդոցայ…
Ահա բոլո՛րն ալ, բոլո՛րն ալ, բոլո՛ր,
Մութին ու լուռին մէջ անդնդախոր,
Պառկա՜ծ խօլական, պառկա՜ծ ամբարիշտ,
Պառկա՜ծ քարեղէն ցաւի մէջ ընդմիշտ,
Պառկա՜ծ, Աստուա՜ծ իմ, ու որչափ ալ կա՜յ,
Ու որչափ ալ կա՜յ, մինչեւ հեռակայ
Ճամբարներուն եզրը փռուա՜ծ, կարծես
Անդրհեղեղեան անտառի մը պէս…

-Է՜հ, հա՜, հա՜, հա՜, հա՜.
Լուռ գիշերներին մէջ շուներուն, ահա՜,
Երախին մէջ – դեռ կեանքով գալարուն
Կը լսեմ ճարճա՛տը ոսկորներուն…
Բարեկամ շունե՜ր, բարեկամ ձեռքե՜ր,
Բարեկամ լեզուով լափլիզուած վէրքեր…
Երնե՜կ, գազաննե՜ր անբան… Բայց ինչպէ՜ս
Բոլոր արջառները, գլուխնին վե՜ս,
Սուրացին հեռո՜ւի դաշտերը անծի՜ր,
Գնդակէ՜ն, բոցէ՜ն, աչքերնին կարմիր…




 

 

ԹԱՓԱՌՈւՄԸ

Ու ահա ամբողջ գիշեր կ'շրջիմ,
Յիմա՜ր, խեղճ յիմա՜ր:
Խելքս առիր շատո՜նց, կեանքս առ, Փրկիչ իմ,
Աստուա՜ծ, մեր յիմա՜ր:

Ի՞նչ կնայիք ինձ, հոգեվարք աչեր,
Յիմա՜ր եմ, յիմա՜ր:
Երնե՜կ, կ'մեռնիք. մինչ ես կ'ապրիմ դեռ
Այս կեանքը յիմա՜ր:

Կըռուի դաշտերով տարի առանձին
Ստուերըս յիմա՜ր,
Շնորհ չըրին գնդակ մ'ալ ինձ, պոռացին
"Յիմա՜րն է, յիմա՜ր":

Դե՜հ, մտիկ ըրէք, դուք որ կ'խորդաք
Այս մահով յիմար,
Արիւնով շաղուած պատմութիւն մը տաք,
Յիմա՜ր, ա՜հ, յիմա՜ր:

 

 

Add a comment

You're using an AdBlock like software. Disable it to allow submit.

Make a free website with emyspot.com - Report abuse