Vahagn Davtyan

 

Կենսագրություն - Վահագն Դավթյան

1922-1996
Վահագն Դավթյան
(Օգոստոսի 15, 1922, Արաբկիր (Արևմտյան Հայաստան) - 1996) ― հայ ժամանակակից բանաստեղծ։

Ծնվել է 1922 թ.-ին Արաբկիրում (Արևմտյան Հայաստան)։ Հայրենադարձվելով՝ 1932 թվականից ապրել է Երևանում՝ Արաբկիր թաղամասում։ Եղել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (1970), թերթի խմբագիր։

Տպագրվել սկսել է 1935 թվականից: «Առաջին սեր» (1947), «Աշխարհի առավոտը» (1950) բանաստեղծությունների հավաքածուներում արտահայտված են Մեծ Հայրենական Պատերազմի մասնակցի հայրենասիրական զգացմունքները, սերը հարազատ հողի, բնության նկատմամբ:

«Ճանապարհ սրտի միջով» (1952) պոեմը նվիրված է Սովետական Միության Հերոս Ու. Ավետիսյանի հիշատակին: «Լուսաբացը լեռներում» (1957), «Ամառային ամպրոպ» (1964), «Գինու երգը» (1966) և այլ բանաստեղծություններում հեղինակը խորը ներթափանցում է ժամանակակցի բարոյական աշխարհը: Քաղաքացիությամբ և քնարերգությամբ է ողողված «Թոնդրիկցիներ» պատմական վեպը, որը գրվել է 1961 թվականին, նվիրված է միջնադարյան Հայաստանի պատմական իրադարձություններին: 1969 թվականին տպագրեց «Ծուխ ծխանի» պատմական վեպերի գիրքը:

Թարգմանել է Ա.Ս. Պուշկինի, Ս.Ա. Եսենինի, Շ. Պետեֆիի, Ա.Բլոկի, Ա.Կիրակոսյանի բանաստեղծություններից և վեպերից:

Վ. Դավթյանի ստեղծագործության հիմնական թեմաներն են հայրենիքը, մարդը, նրա աշխատանքն ու հույզերը։

Վախճանվել է 1996 թվականին։ Գրել է քնարական բանաստեղծություն,բալլադ,ասք պոեմ:Դավթյանի երկերում ընդգծվում են սերը, հողի և աշխատանքի պոեզիան,բնությունը,պատմության առավել դրամատիկ դրվագները ,ասքերը:Գրել է ակնարկներ հրապարախոսական , գրականագիտական հոդվածներ,հուշագրային նոթեր ևս:




ՍՐՏԻՍ ԶԱՐԿԵՐԸ և ԺՊԻՏԸ ՔՈ...



Գլուխդ կրծքիս շնչում ես դու մեղմ,
ՈՒ ես չգիտեմ,
Ննջում ե՞ս արդեն
Թե խոնջ քնքշությամբ կոպերդ փակած,
Սրտիս զարկերն ես լսում դու լռին.
Իսկ ի՞նչ են ասում զարկերն իմ սրտի...
Ասում են:
-Հոգիս, ես սիրում եմ քեզ,-
Ասում են սակայն զգում են նաև,
Որ այդ խոսքերով չեն ասում ոչինչ...
Լռում են մի պահ, նոր խոսք որոնում
Եվ չգտնելով, կրկնում են նորից.
--Ես սիրում եմ քեզ...
ՈՒ դա երևի
Եվ ամենահին,
Եվ ամենանոր,
Եվ ամենալավ երգն ե աշխարհի.
Իսկ ի՞նչ է ասում ժպիտը քո լուռ...
Ասում է:
-Սակայն այս խոսքերը դու
Շատ շատերին ես ասել, սիրելիս...
Զարկերն իմ սրտի ասում են:
-Այո.
Ես շատերին եմ այդ խոսքերն ասել,
Բայց այդ խոսքերով
Ես քո հասցեն եմ փնտրել երևի
ՈՒ գտել եմ, տե՛ս:
Բայց թարթիչներիդ կապույտ շուքի տակ
Ծվարած ժպիտն անմեկին է շատ,
ՈՒ չեմ հասկանում -
Զարկերը սրտիդ կրկնում են արդյո՞ք
Այն ամենահին,
Այն ամենանոր,
Այն ամենալավ երգը աշխարի:
-Խենթ, թե չեն կրկնում, ի՞նչու են հապա
Մազերս այսպես քո կրծքին թափված
Մազերս,
Նայիր,
Երեկ հինա եմ մազերիս դրել,
Որ երբ արցակեմ քո կրծքի վրա,
Նրանք հին ոսկու փայլակումը տան
ՈՒ բուրեն կրծքիդ հին գինու բույրով.
Եթե չեն կրկնում,
Ինչու եմ հապա ես գեղեցկանում,
Երբ մոտդ եմ գալիս...
-Թե իրավ է դա,
Որտե՞ղից հապա այն չարությունը,
Որ խառնում ես դու քնքշությանը քո...
Ինչու է հաջախ
Մեր հանդիպումի հույսն - անհուսալի,
Մեր մոտիկությունն - անմերձենալի,
Պարզությունը քո - արեղծվածային,
Քնքշանքդ - դաժան,
Նազանքդ - խոցող,
Եվ կրակը քո ի՞նչու է հաճախ
Ողջակիզումի խարույկի նման:
-Ես կին եմ, իմ խենթ...
ՈՒ թեկուզ հիմա
Մազերիս ոսկին թապել եմ կրծքիդ,
ԵՎ կիսաբաց է իմ կուրծքը քո դեմ,
Չխաբվես սակայն...
Ես դեռ շատ անգամ քեզ կշնորհեմ
Մեր հանդիպումի հույսն անհուսալի,
Մեր մոտիկությունն անմերձենալի,
Քնքշանքն իմ դաժան,
Նազանքն իմ խոցող...
Գարուն կլինի, կանցնեմ փողոցով
Գերևարելով հայացք ու հիացք
Եվ շնորհելով քեզ շանթը խանդի...
Գարուն կլինի,
Ես հեռվից հեռու կձայնեմ քեզ լուռ
Եվ կխուսափեմ...
Գարուն կլինի,
Գեղեցկանալով ես մոտդ կգամ
Եվ կհեռանամ
Առավել փխրուն ու գեղեցկացած:
Ես կին եմ, իմ խենթ,
Եվ ամենահին,
Եվ ամենանոր,
Եվ ամենալավ երգը աշխարհի
Այդ ես եմ հյուսել
Եվ այդպես հյուսել:
-Գիտեմ, սիրելիս,
Գիտեմ և քեզ եմ ես փառաբանում:
Փառաբանում եմ
Մազերիդ ոսկին - իմ կրծքին թապված,
Փառաբանում եմ կուրծքդ կիսաբաց
Եվ թարթիչներիդ կապույտ շուքի տակ
Ծվարած ջպիտն այդ անմեկնելի,
Որ մեղավոր է ու թովիչ սակայն...
Փառաբանում եմ
Մեր հանդիպումի հույսն անհուսալի,
Մեր մոտիկությունն անմերձենալի,
Գեղեցկացումը քո գարնանային,
Քո հեռացումը,
Քո վերադարձը
Եվ անգամ ահեղ
Խանդի սև շանթն եմ ես փառաբանում...
... Ողջ գիշեր այսպես զրույց են անում
Սրտիս զարկերը և ժպիտը քո...


ԿՐԿՆՎՈՂ ԵՐԱԶ


Պարույր Սևակին

Դու, որ կյանքում երբևէ չէիր կրկնում ինքդ քեզ,
Հիմա անվերջ կրկնվող իմ երազն ես դու դարձել,
Գալիս ու նույնն ես ասում` թե այն օրը պարզապես
Ուշաթափված էիր դու, իսկ մենք մեռած ենք կարծել:
Թե քունքիդ վերքը փոքրիկ վաղուց արդեն լավացել,
Սպիացել է վաղուց ու չի ծորում էլ արյուն...
Հետո ուզում ես ասես ինչ-որ գաղտնիք ինձ բացել,
Սակայն մարդիկ են խուժում, աղմկում ու խանգարում:
--------------------------------------------------
Մեր հանդիպումը վերջին իմ այրվող ցավն է դարձել.
Դեմքիդ լույս կար մի խաղաղ, համակերպում կար մի մեծ,
Ուզում էիր դու ասես ինչ-որ գաղտնիք ինձ բացել,
Սակայն մարդիկ խուժեցին, Ու շրթունքդ կարկամեց:
Շշնջացիր ինձ` <Հետո>...
Իսկ <Հետոն> ծուխ էր ու շանթ,
<Հետոն> կայծակ էր մի սև, <Հետոն> վերքն էր քո քունքի,
<Հետո> կանգնել էի ես դագաղի մոտ քո դաժան,
Դամբանկանս խառնած իմ կաթկթող արցունքին...
---------------------------------------------------
Այս առավոտ կոպերիս նորից ցողն է արցունքի,
Եկել էիր դու նորից իմ թուխ, իմ խենթ, իմ անսանձ...
Եվ նորից սերտս է ցավում, որպես վերքը քո քունքի,
Եվ նորից սիրտս է մխում, որպես գաղտնիքն այն չասված...



ԹՈՆԴՐԱԿԵՑԻՆԵՐ (ՀԱՏՎԱԾՆԵՐ)




ՄՈՒՆԵՏԻԿ

Հե՜յ, հեռու կացեք,
Ճանապարհ բացեք
Գալիս են, գալիս իշխան, վարդապետ,
Գալիս են, գալիս, Աբուլ-Բարդի հետ.
Ու բերում նեռին.

...Ծանր շղթաներն իր կուռ ձեռքերին,
Մազերը խռիվ, շապիկն արնամած,
Սմբատը ահա գգալիս է կամաց:
Աչքերում շանթի ու պողպատի փայլ,
Գալիս սիգաճեմ, գգալիս ծանրաքայլ,
Գալիս է, գգալիս ու թվում է թե,
Երբ ձեռքը շարժի՝ շղթան պողպատե
Փշրվի պիտի, հոդ առ հոդ թափվի
Կուռ թեւերն ի վար:
Գալիս է... կանայք կանգնած շարվեշար,
Նայում են, խոսում, շշուկ-հոգոցով.
- Ինչ պարթեվ հասակ...
- Ինչ աչքեր են ծով...
- Տեսնես քանիսի՞ն սիրու տեր արել,
Քանի՜ քանիսի սրտիկն է վառել...
- Ինչպես անուշիկ հայրենն է ասում,
Ախ, երնեկ նրան, ով այս դյուցազուն
Քաջի հետ երթա, կամուրջն անցանի,
Հետո ջուրը գա, կամուրջն այդ տանի:

Կանգնում է Սմբատն... իսկ շուրջը նրա
Վանականերն են վխտում հեվիհեվ,
Կանգնում է... հայացքն ամբոխի վրա
Ճախրում է մի պահ, հետո սրաթեվ
Սլանում դեպի Թոնդրակա սարի
Ժայռերը բարձրիկ:
Ո՞ւր են իր քաջերն...
Իսկ եպիսկոպոսն՝ այր մի լայնալանջ,
Անշուշտ չգիտեն,
Թե ոչ, կիջնեին, հանց շանթ ու արծիվ:

Կրծքին ակնակուռ, ոսկեցոլ մի խաչ
Ու ոկեփոշով օծված միրուք մի
Խիտ ու փառահեղ,
Այսպես բարբառեց ձայնով իր ահեղ:
















ՍՄԲԱՏ
Առավել լավ է բնությունը շան,
Քան բնությունը հիմար ոչխարի,
Մեզ պետք չեն վանքեր,
Պետք չե վանական,
Աշխարհն է մարդու, վանքն անապական,
Միթե տերն ինքը մեզ չի մկրտում
Իր Աստվածային շնչով անարատ,
Մի՞թե ամեն օր մենք չենք հաղորդվում
Աստծո սիրով ու լույսով առատ,
Մի՞թե կյանքը մեր,
Տառապանքը մեր
Մի սրբանվեր զոհ չե Աստծուն...
Էլ ինչո՞ւ են պետք վանքերն այդ փծուն,
Թող ազատ հոգին որտեղ կամենա,
Այնտեղ աղոթի,
Մի´ դնեք կապանք մեր հոգու վրա,
Մեր ձեռն ու ոտի,
Աստված ազատ է ստեղծել մարդուն,
Էլ ինչո՞ւ իշխան եվ ինչո՞ւ ռամիկ,
Նա բաշխել է մեզ լույսն իր զվարթուն,
Այս հողն, այս ջուրը, ամենայն բարիք,
Բայց խլել եք դուք աշխարհն այս պայծառ
Եվ խաբում եք մեզ կյանքով հանդերձյալ:
Ո´չ կյանքն այստեղ է, այս արեվի տակ,
Եվ մահից հետո չկա այլ մի կյանք:
Դուք մեզ երկիրն այս տվեք կենարար,
Ու թող ձեզ լինի դրախտ ու եդեմ...






ՍՄԲԱՏ

Բայց դու իզուր ես ժամանել տիկին,
Ես չեմ ցանկանում ճորտի անունով
Փրկել իմ հոգին...
Ես ճորտ չեմ, օ, ոչ:
Ես ազատությունն ինքն եմ մարմնացած,
Ազատությունը՝ շղթայի զարկված,
Ազատությունը՝ որ մեռնում է միշտ
Մեռնում է նորից հարություն առնում,
Հառնում, տառապում, ոգորում ըմբոստ
Ու նորից մեռնում:
Ու ես կը մեռնեմ, կը մեռնեմ խաղաղ.
Զի սերմանել եմ իմ սերմը արդեն,
Որոնք մայր հողում մի օր կը պայթեն,
Ու վեր կընձյուղեն
Ու կելնեն ի լույս,
Ցորյանի հատը կը լինի մասուր,,
Ու գարին՝ ընկույզ...
Չի լինի իշխան,
Ու չի լինի ճորտ,
Մարդը կը դառնա արդար ու բարի,
Եվ ազատություն կը լինի այնժամ,
Ի մեջն աշխարհի:



ՔԵԶ

Չէիր եկել դու դեռ, դեռ ինձ համար կյանքում
Դու չկայիր անգամ, միակ իմ սեր,
Բայց իմ պատանության թախծոտ երազանքում
Ես քո պատկերն էի լույսից հյուսել:

ՈՒ դու եկար հանկարծ, եկար անակնկալ,
Եկար որպես գարնան շունչը մաքուր,
Հպարտորեն եկար ու քնքշորեն եկար,
Եկար որպես մուսա ու որպես քույր:

Մոլորվել էր գիշերն աչքերիդ մեջ խորին,
Դողում էր քո կրծքին ծանր մի ծամ,
Դու նրբիրան էիր, որպես բարակ լորին,
Թեթև էիր որպես սարի այծյամ:

Եկար ու թև տվիր դու իմ ներշնչանքին,
Սրտիս երազ տվիր, երգիս՝ ոգի,
Այնպես նման էիր դու իմ անրջանքին,
Այնպես նման չեիր դու ոչ ոքի:

ՈՒ սիրեցի ես քեզ պատանորեն, անքուն,
Ինչպես սիրում է լոկ սիրտն անեղծ,
Որ մի ծաղիկի համար այրվել գիտե կյանքում,
ՈՒ խեղդվել մի շիթ արցունքի մեջ:

ՈՒ երբ հեռու եղա, ու երբ մենակ եղա,
ՈՒ երբ թախծեց հոգիս լուռ ու տրտում,
Դու կարծես ծուխ դարձար հայրենի տան վրա
ՈՒ կանչեցիր հեռվից, կանչեցիր տուն:

...Երկար է դեռ ճամփան... ՈՒ մեր ճամփին հեռու
Դեռ կարող է լինել մրրիկ ու ձյուն,
Տո՛ւր ինձ ձեռքդ փոքրիկ, ապավինիր սիրուս,
Դու իմ միա՜կ, իմ սե՛ր, իմ քնքշությո՛ւն:

Եվ հնչում մի անբառ,մի անհուն մեղեդի,
Ծավալվում եր անվերջ հրդեհվող երկնքում,
Դա նվա՞գն էր արդյոք հրեղեն եղեգի.
Թե բեկված կարոտիս ձայնալարն եր զնգում:

Եվ անբառ այդ երգում կար թախիծ մի անբառ,
Եվ արյան հեկեկանք,եվ աղերս մի տրտում,
Մի հովիտ կար հեռու,մի քարոտ ճանապարհ,
Մենավոր մի բարդի,մի դռնակ ու մի տուն:

Եվ կային քամու դեմ զնգացող զանգակներ
Կար ավեր մատուռի տվայտող լռություն,
Եվ կանչեր հեռավոր,որ վաղուց են հանգել,
Բայց կանչում են կրկին ու կանչում են քեզ տուն:

Եվ իջնող մութի դեմ իր թևերը ջարդած,
Մեղեդին երկնքում մղկտում էր ցավոտ
ՈՒ գնում էր հեռու,ու գնում էր անդարձ,
Մթան մեջ թաղելու վիրավոր մի կարոտ:




Ասում են հին վերքն հաճախ է ցավում...

Ասում են հին վերքն հաճախ է ցավում,
Երբ եղանակը ամպոտ է ու վատ...
Բայց գարունն այսօր այնպես է արևում,
Փռում է լույսի հրճվանքն անարատ:

Ծիծառներն այնպես հարբա՜ծ են թևում,
Այնպե՜ս է շիկնել ծաղկած դեղձենին,
Որ ես չգիտեմ, ինչո՞ւ է նվում
Սիրտն իմ, որի մեջ բեկոր կա մի հին:

... Ե՞րբ է գարունն այս դառնալու ամառ,
Որ խաղաղ զարկի սիրտն իմ խենթացած,
Վա՜տ եղանակ է սա սրտի համար,
ՈՒր հին բեկոր կա սիրուց մնացած:



ՈՒ ԵՍ ԳԻՏԵՄ

ՈՒ ես գիտեմ,
Պիտի անվերջ
Կանչես այդպես ու հեռանաս,
Պիտի անվերջ թվաս մոտիկ,
Բայց և հավետ լինես անհաս,
Լինես ծարավ
ՈՒ ոգու քաղց,
Տագնապի պես ինձ հետ թևես,
Մերթ ինձ այրես պիտի տենդով
ՈՒ մերթ վրաս լուռ անձրևես...
Պիտի անվերջ
Քո կարոտի
Հրաշք հավքը վրաս հսկի
ՈՒ թևերից իր կապուտակ
Պիտի մաղի ցավ ու կսկիծ...
ՈՒ ես քայլեմ պիտի անվերջ
Գլխապտույտ վիհի ափով,
Հարբած լույսով,
Մութով հարբած,
Հարբած սիրով ու տագնապով...
Կարոտներով ու ցավերով
Ճանապարհս պիտի ցողեմ,
Բայց և հավետ,
Բայց և հավետ
Օրհնանքներով քեզ ողողեմ...



ԵՐԱԶԻՍ ՄԵՋ ԱՅՍՕՐ


Երազիս մեջ այսօր քեզ հետ էի նորից,
Նորից քեզ հետ էի, իմ հեռավոր...
Մենք բարձրանում էինք անձրևաթաց ձորից,
Թրջված, ցողաթաթաղ ու բախտավոր:

Դու նույն աղջիկն էիր, այնպես նուրբ ու բարակ,
Անսեթևեթ այնպես, այնպես բարի,
Դու նույն աղջիկն էիր՝ մազերդ հյուս արած,
Ամենալավ աղջիկն այս աշխարհի


Դեռ հողմը չէր անցել սիրո դաշտով պայծառ
ՈՒ չեր տարել իր հետ ոչ մի ծաղիկ,
Դեռ անծանոթ էիր դու խաղերին քո չար,
Ես անծանոթ էի խանդի ցավին:

Շուրջը ծաղկած ծառերն անուշ բուրում էին,
Երկնքի մեջ կապույտ՝ և ոչ մի ամպ,
Ես քեզ շոյում էի, քեզ համբուրում էի
ՈՒխտավորի սիրով ու սրբությամբ:

ՈՒրախ լալիս էին առուները հորդած,
Արևի տակ պայծառ՝ հողն էր մխում...
... Ես արթնացա քնից՝ դրսում աշուն էր թաց,
ՈՒ անձրևն էր լալիս մեղմ ու տխուր...



ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ


Ցավն իմ տաք է դեռ, ու գիտեմ,
Որ կսկիծն այրող հետո պիտի գա...
Ես դուրս եմ գալիս,
Աշխարհի բոլոր ճանապարհները փռված են իմ դեմ,
Լոկ քեզ մոտ գալու ճանապարհ չկա:
Ցավն իմ տաք է դեռ,
ՈՒ ես ափիս մեջ
Կարողանում եմ դեռ սեղմած պահել
Իմ ճեղքված սրտի երկու կեսերը:
...Ո՛չ, դու չիմացար, թե իմ բախտի մեջ
Ինչ էր քո սերը,
Չիմացար, հոգիս, որ քո հայտնության հրաշքից հետո,
Ես հաճախ էի բռնում ինքս ինձ
Քարը,
Կանաչը,
Հողը շոյելիս,
Փողոցով անցնող զույգերի առաջ
Իմ գորովանքի քողը փռելիս,
Աստղի դեմ,
Ծաղկի,
Տիեզերքի դեմ
Հիացմունքի մեջ անզոր լռելիս:
...իշերներն ի լույս,
Դու և երազս քույրերի նման
Ձեր գլուխները նույն բարձին դրած,
Նույն բարձին փռած վարսերը ձեր բոց,
Զրուցում էիք կիսաքնի մեջ
ՈՒ երջանկության առասպելներից պատմում մեկմեկու...

Եվ լուսաբացին,
Երբ զարթնում էի ու ելնում փողոց,
Ձեր զրույցն էր դեռ իմ ականջներում,
Ու ժպտում էի ես մռայլ մարդկանց,
Ու ժպտում էի մառախուղի մեջ կորած արևին:
Իսկ երբ այս հորդուն, վարար մայթերով
Ես քայլում էի քեզ հետ, սիրելիս,
Ինձ թվոմ էր, թե քայլում է ինձ հետ
Հպարտությունս և ինքնությունս,
Թե ինչ-որ դաժան հողմերից խլված
Միակ քնքշանքն է իմ կողքին քայլում:
Եվ հիմա չկաս.
Քայլում եմ մենակ,
Ինքս իմ ձեռքով սիրտս եմ փայփայում,
Շոյում եմ նրան որպես որբ մանկան
Ու որպես հավքի, որ վիրավոր է:
Քայլում եմ մենակ:
Իրիկնամուտը արևավոր է,
Լեռներն են վառվում,
Ասես լեռներում տոն է կիրակի,
Հեթանոսական ինչ-որ մի հանդես:



Ես չգիտեմ...

Ես չգիտեմ, ի՞նչ ես շահում
Քո քմահաճ խաղից,
Բայց ես՝ մի ողջ պատանություն
Ու մի մաքուր թախիծ:
Գուցե հրճվում ես դու թաքուն,
Որ հանգիստս տարար,
Իսկ ես աչքերս եմ լուռ փակում
Ու իմն է լույսն արար:
Գուցե շոյում է քեզ սրտիս
Շփոթմունքը վրդով,
Իսկ ես հարուստ եմ սիրելիս,
Իմ շփոթված սրտով:
Գուցե դու չար սատանությամբ
ծիցաղում ես, խաբում,
Իսկ ես գտած պատանության
Երկինքներն եմ չափում:
Բայց սիրելիս, ինչ էլ լինի,
Եթե խաբես անգամ,
Շնորհակալ եմ քեզանից
Հարյուր, հազար անգամ:


Զարթնել են նորից տարիներն անցած

Զարթնել են նորից տարիներն անցած
Եվ աղմկում են, որպես խենթ հեղեղ,
Աղմկում որպես գետակն այն պայծառ,
Որ իմ մանկության ընկերն է եղել։
Ու կարծես իմ դեմ նորից երամով
Աղավնիներն են պոկվում քարափից,
Կրակ է թափում երկինքը այն մով,
Ու հևում է օդն ամառվա տապից։
Քարոտ մի կածան ձորի լանջերից
Կախվում էր մինչև գետակը կապույտ,
Վազում էինք մենք, ու մեր կանչերից
Զրնգում էին անձավները մութ։
Ահա և գետը... Մի քանի վայրկյան՝
Ու ճողփում էր նա մեր թևերի տակ,
Մեզ հետ լողում էր արևը ամռան
Ալիքների մեջ զով ու կապուտակ։
Հետո հագեցած ջրի զով շնչից,
Մենք պառկում էինք ափի ավազին,
Վերում երկինքն էր կապուտակ ու ջինջ՝
Նման մեր պայծառ, պայծառ երազին...
Երկինքը... Նա մեզ թևեր պարգևում
Ու կարծես կանչում, տանում էր վերև,
Եվ թվում էր, թե արար աշխարհում
Միայն կապույտ կա ու միայն արև։
Ու թվում էր, թե աշխարհը արար
Հյուսված է միայն երգից ու խաղից,
Հյուսված արևի շողերից վարար
Ու բաց երկնքի կապույտ ծիծաղից։



Ես հաշտ էի ապրում իմ բախտի հետ...

Ես հաշտ էի ապրում իմ բախտի հետ
Ու տարբերում հստակ չարն ու բարին,
Բայց դու ինչո՞ւ եկար, իմ սեթևեթ,
Ու կանգնեցիր սիրուս ճանապարհին:
Ինչո՞ւ եկար, որ ես ոչինչ, ոչինչ
Չհասկանամ նորից պատանու պես,
Ոչ հայացքները քո խրթին ու ջինջ,
Ոչ հմայքները քո և չար և հեզ:
Ինչո՞ւ եկար, որ ես երազանքիս
Շքեղ գաղտնարանը նորից բանամ,
Ծիածաններ, գույներ հանեմ անգին,
Քեզ զարդարեմ ու լուռ սքանչանամ:
Որ քեզ հանեմ լուսե մի բարձունքի
Ու կերպարանքը քո լույսով ցողեմ,
Մաքրության մեջ վճիտ իմ արցունքի
Ամբողջ քո հասակը արտացոլեմ:
Եվ որ հետո, հետո բերեմ քեզ վար
Իբրև իմ իսկ ձեռքով կերտված բագին...
Ես հաշտ էի ապրում, ինչո՞ւ եկար
Ինձ մատնելու այս հին տառապանքին:



Ժամն է արդեն...


Ժամն է արդեն, սիրելիս, եկ բաժանվենք մենք անձայն,
Ամեն մեկս մեր բախտին ու կորստին մեր հլու...
Ամառային խելահեղ այն ամպրոպները անցան,
Սիրտս խաղաղ է հիմա և ուժ ունի ներելու:
Աշնան հավքերը չվել, կարկաչել են երկնքով,
Եվ հոգնաբեկ ծառերից քամին տերև է տանում,
Համբուրելով է տանում ու տանում է քնքշանքով
Ու տանում է նա այնպես, ասես շնորհ է անում:
Այս կարոտի ցավի հետ ես մտերիմ եմ վաղուց,
Ծանոթ ու լավ եմ ծանոթ, աշնան քամու արածին...
Ինչ տխո՛ւր է, երբ բարակ, անգույն անձրև է մաղում,
Երբ խանդի շանթը չկա, ու ներում են սիրածին...
Comments (6)

1. Syuzi 03/02/2015

karox eq texadrel Vahagn Davtyani «Լիճ» asmunq@

2. AVROR MELOYAN (link) 11/10/2012

ETE KARAQ XNDRUMEM TEXADREQ VAHAGN DAVTYANI <<ARAJIN HUSH>> BANASTEXCUTYUN@.

3. Armine (link) 17/09/2012

ete karaq Vahagn Davtyani Hayastani masin banastexcutyunner@ greq eli

4. Astghik 18/11/2011

Karox eq texadrel Vahagn Davtyani targmanac banastexcutyunneric , inc petq e Robert Burns-i "A Red, Red Rose" ev "My Heart's In The Highlands " : Naxoroq shnorhakalutyun:

5. Avagyan Sona 05/11/2011

oioi

6. EDMON TUMANYAN 17/06/2011

Եթե ​​կարող եք, խնդրում եմ, տեղադրեք Վահագն Դավթյանի <<Գնանք, սիրելիս>> բանաստեղծությունը:

Add a comment

You're using an AdBlock like software. Disable it to allow submit.

Make a free website with emyspot.com - Report abuse